Կարեն Կարապետյան. «Արցախի վարչապետի հետ գաղափարակիցներ ենք»

Արայիկ Հարությունյանը ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
karen-karapetyan

Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Երկու կառավարությունների անդամները, վարչապետների գլխավորությամբ, սկզբում այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել այնտեղ: Այնուհետև կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները:

Ողջունելով ՀՀ գործընկերներին՝ Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հրավերն ընդունելու համար: Արցախի իշխանությունների անունից նա շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ ԼՂՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին արժանանալու առթիվ: Արցախի Հանրապետության վարչապետը հաջողություններ է մաղթել Կարեն Կարապետյանին՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ, պարո՛ն վարչապետ՝ այս պատասխանատու ժամանակահատվածում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է, և, այդ առումով, ինչ-որ տեղ նաև Ձեր հաջողությամբ է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ՝ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև՝ Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով արդյունքները ևս պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ իրեն պարտավորված է զգում և գործնական է տրամադրված երկու կառավարությունների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փորձի փոխանակումն ընդլայնելու գործում:

«Արցախի Հանրապետության վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք, և տնտեսության զարգացման մեր պատկերացումները նույնն են: Ուստի, ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման և քննարկման ժամանակ, ինչպես նաև  հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու  գործում»,- նշել է ՀՀ վարչապետը:

Այնուհետև ԱՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015թթ. ընթացքում տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով տարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին և խնդիրներին:

Կ. Կարապետյանը, տպավորիչ և օրինակելի համարելով ներկայացված մակրոցուցանիշները, ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքների մշակման անհրաժեշտության վրա: Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործառույթներն ու ցուցանիշները:

Վարչապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է ներդրումային և գյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնական տրամաբանությունը: Նա շեշտադրել է, որ նշված հիմնադրամները բազմակողմանի աջակցություն են տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին՝ նպատակ ունենալով թե՛ խթանել տնտեսական ակտիվությունը, թե՛ ավելացնել բնակչության եկամուտները և թե՛ աջակցել խնդիրներ ունեցող ձեռնարկություններին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել երկու հիմնադրամների դերակատարումը վերջին տարիներին Արցախի տնտեսական բարձր և կայուն աճի ապահովման գործում: Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ԱՀ կառավարության կուտակած փորձով կիսվել ՀՀ գործընկերների հետ Կ. Կարապետյանը իր դրական տպավորությունն է արտահայտել հիմնադրամների գործունեության ու կիրառվող գործիքակազմի վերաբերյալ և հանձնարարել ՀՀ համապատասխան պաշտոնյաներին՝ փորձի փոխանակման միջոցով քայլեր ձեռնարկել ՀՀ-ում ևս նմանատիպ կառույցներ հիմնելու և գործունեություն ծավալելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում կողմերն առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ: Հանդիպման ավարտին կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Վերջում, երկու կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ, առանձին խորհրդակցություն է տեղի ունեցել էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ: Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

*

*