«Ադրբեջանը նախկինի պես հույս ունի ուժով լուծել հարցը». Շավարշ Քոչարյան

Ըստ փոխնախարարի՝ համանախագահները հասկանում են, որ ԼՂ հարցում առաջընթացի անհնարինության պատճառն Ադրբեջանն է:
Shavarsh-Qocharyan-LXH-janachum

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում մեկ խնդիր ունեն՝ կանխել ռազմական հնարավոր զարգացումները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նրանց թիվ մեկ խնդիրն այն է, որ հասնեն նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մյուս առաքելությունն է նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության», — ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ համանախագահները կենտրոնացած են հենց այս հարցի վրա:

ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով, նրանք շատ լավ հասկանում են, որ այս հարցում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է և դրա պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ: Ըստ Քոչարյանի, Ադրբեջանը նախկինի պես հույս ունի ուժով լուծել հարցը՝ լինի Արցախի հետ շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին։ Նրա խոսքով՝ Արցախի հետ շփման գծում այժմ հարաբերականորեն լռություն կարող է տիրել, սակայն միջադեպեր տեղի են ունենում և այնտեղ, և Հայաստանի հետ սահմանին։

«Այդ ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ խնդրի խաղաղ լուծմանը»,- հավելեց Քոչարյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում։

*

*