Արցախի բռնած ուղին անշրջելի է. Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Վերածննդի հրապարակում

«Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների հետևից․․․»
bako-sahakyan2

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են ամենաբարձր մակարդակով: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում այս մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ես ներկա եմ եղել փորձերին, համոզվել եմ ու վստահաբար կարող եմ ասել, որ կազմակերպիչները մեզ պարգևելու են հաճելի, հետաքրքիր, տպավորիչ, հիշարժան պահեր: Այդ ներկայացում բաղկացած է նաև բեմականացված հատվածից, որտեղ նկարագրվում է, թե ովքեր են հայերը, ինչու համար են եկել այս աշխարհ և ինչ առաքելությամբ: Այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության Արցախին ընկած բաժնեմասից: Մենք չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք մեծագույն հարգանք մեր նախնիների նկատմամբ: Նրանք այս դարերի ընթացում մաքառել են, շրջանցել են բազում փորձություններ ու մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք պատգամել են, որ այս երկրի գերագույն արժեքը մարդն է ու մարդասիրությունը»,- ասաց Բակո Սահակյանը: Նրա խոսքով՝ հենց այդ գիտակցմամբ, այդ աշխարհընկալմամբ, տարիներ առաջ արցախցիները ելան ոտքի ու ի լուր աշխարհի հայտարարեցին, որ չեն հանդուրժելու, չեն համակերպվելու ազգային արժանապատվության ոտնահարմանը:

«Առաջինն արձագանքել է Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, ու այդ ժամանակվանից սկսած Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ընդունել ենք որպես մտածելակերպ, կենսակերպ: Այդ նույն եռամիասնությամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, լուծել ենք ու լուծում ենք բազմաթիվ ծրագրեր: Այդ եռամիասնության շնորհիվ թևակոխել ենք կայուն փուլ: Ասել ենք, որ հայ ժողովրդի ամենամեծ սխրագործություններից մեկը արցախյան շարժումն է: Այսօր՝ այստեղ, ևս հայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ կատարելու՝  ստեղծելու նախադրյալներ հաջորդ հաղթանակների համար: Ողջունելով Հայաստանի վարչապետին, մեր քույրերին, եղբայրներին, ուզում եմ ասել, որ մեր ընտրած ուղին անշրջելի է: Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների հետևից, հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի միջազգային ճանաչման համար ՝ մոտենալով միացյալ հայրենիք ունենալու մեր երազանքին»,-ասաց Բակո Սահակյանը:

*

*