Արտակ Զաքարյան. «Ադրբեջանի կողմից ստեղծված փակուղուց ելքերից մեկը հենց Արցախի ճանաչումն է»

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մասին այսօր կարծիքներ են հայտնել ԱԺ պատգամավորները։

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մասին այսօր կարծիքներ են հայտնել պատգամավորները։

Տվյալ օրենքի նախագծի մասին կառավարության եզրակացությանը դրական գնահատական տալը դեռ չի նշանակում, որ նախագիծը հենց հաջորդ Աժ քառօրյայում քննարկվելու է։ Այն խորհրդարանի մեծ օրակարգում է, դեռ պետք է քննարկվի արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովում։ Սակայն միայն խորհրդարանի ղեկավարությամբ կորոշվի, թե ե՞րբ այն ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգ։

Մինչ նախագիծը կհասնի խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճ, պատգամավոր Արտակ Զաքարյանը կարեւորում է կառավարության կարծիքը նախագծի վերաբերյալ։

«Սա ուղիղ ուղերձ է Ադրբեջանին։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում կստեղծվի փակուղի, եւ այսօր հենց Ադրբեջանի կողմից ստեղծված փակուղուց ելքերից մեկն էլ հենց սա է՝ Արցախի ճանաչումը։ Բայց մենք հստակ գիտենք նաեւ, որ կան բանակցային պարտավորություններ Մինսկի ձեւաչափում եւ շատ կարեւոր է, թե ինչ միջազգային արձագանքներ կլինի քննարկումների ժամանակ»,- նշել է Արտակ Զաքարյանը:

Նրա կարծիքով, Բաքվում պետք է հասկական ստեղծված իրավիճակի լրջությունը եւ ընդունեն այն մեխանիզմները, որոնք թույլ կտան վերսկսել բանակցությունները։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցնում է նախագահ Սարգսյանի ելույթը, որ Ղարաբաղի ճանաչումը միշտ օրակարգում է եղել, սակայն փորձել են դրան հասնել միջազգային հանրության եւ խաղաղ բանակցությունների միջոցով։

«Եվ եթե տապալվում են բանակցություններն, անիմաստ է խոսել խնդիրներ լուծելու մասին եւ պետք է գտնենք այլ ճանապարհ։ Սա տրամաբանված է, եւ եթե Ադրբեջանը կարծիք է հայտնում, թե սա խանգարում է Մինսկի գործընթացին, ապա դա նշանակում է, որ եթե կա Մինսկի գործընթաց, ապա չպետք է լինեն կրակոցներ սահմանի վրա։ Սրանք իրար հետ համատեղելի չեն եւ կարծում եմ, որ հենց այս ազդակն ենք ուղարկում, որ վերականգնվի բանակցային գործընթացը»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Բացի Ադրբեջանից, կառավարության այսօրվա որոշումը, ե´ւ Արտակ Զաքարյանի, ե´ւ Արմեն Ռուստամյանի կարծիքով, ուղերձ է նաեւ միջազգային հանրությանը։

«Ըստ էության խոսքը գնում է բանակցությունների դադարեցման մասին, եւ մենք պետք է դուրս գանք բանակցությունների պատրանքից։ Դա սխալ ուղղությամբ է տարել ամեն ինչ, իբր թե գոյություն ունեն խաղաղ կարգավորման բանակցություններ։ Պետք է դադարեցվեն ռազմական գործուղությունները եւ Ղարաբաղը, որպես լիիրավ կողմ, պետք է մասնակցի այդ բանակցություններին»,- նշել է Ռուստամյանը:

«Մեր գործողությունները չպետք է կախված լինի Ադրբեջանի քմահաճույքներից եւ Ադրբեջանի կամակորությունից։ Եւ այս առումով նաեւ այդ քայլը որոշակի ուղերձ է միջազգային հանրությանը։ Մենք միշտ ասել ենք, որ եթե Արդբեջանը չի ստանում հասցեական գնահատականներ, Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, ժամանակի պահանջներին համահունչ որոշումներ է ընդունում»,- նշել է Արտակ Զաքարյանը:

Հայաստանի իշխանություններն ուսումնասիրել են բոլոր ռիսկերը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կարծիքով, դրա համար են այս պահին նման որոշում կայացրել։

«Ադրբեջանի կողմից մշտապես եղել են հրադարարի խախտումներ, եւ այն հայտարարությունները, թե պայմանավորվածությունները խախտվում են, Արդբրեջանի մասով, կոռեկտ չեն։ Երբ նախագիծը խորհրդարանում ներկայացվի, շատ կարեւոր է լսել բլոր հիմնական կարծիքները եւ այդ ժամանակ էլ որոշում կկայացվի»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:

*

*