Արայիկ Հարությունյանը համաձայն չէ պնդումներին, թե միայն Նիկոլ Փաշինյանի վարկանիշով «Իմ քայլը» մեծամասնություն կկազմի

«Դուք տեսել եք 2017 թ. ընտրություններին ինչպես են աշխատում Նիկոլ Փաշինյանի թիմակիցները...»
arayik-harutyunyan

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե միայն Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշով ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն կկազմի:

«Դուք տեսել եք 2017 թ. ընտրություններին ինչպես են աշխատում Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ընտրատարածքներում»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց նա՝ ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը:

Հարցին, թե «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը արդյո՞ք լինելու է «Նիկոլ՝ վարչապետ»-ը, որպեսզի դաշինքը վարչապետի վարկանիշով ձայներ ստանա,  Հարությունյանը պատասխանեց. «Ներկայում մեր համապատասխան խումբը քննարկումներ է անցկացնում և մարտավարություն է մշակում: Երբ որ կհրապարակվի, դրանից հետո կքննարկենք կարգախոսի տարբերակները: Սրանք խորհրդարանական ընտրություններ են, որոնց մասնակցում են քաղաքական ուժեր իրենց առաջին թեկնածուներով և բոլոր կոմպոնենտներն էլ լինելու են քարոզչական հնարքների շրջանակում»:

Արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ չմեծամտանալու խորհրդին, Արայիկ Հարությունյանը նշեց. «Մենք մեծամիտ չենք: Յուրաքանչյուրին մրցակից ենք համարում և յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրություններին լինելու է մեր քարոզչության կարևոր բաղադրիչներից մեկը»:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին:

*

*