«Սմբատ Գոգյանը փայլուն գիտնական է». ԿԳ նախարար

«Որևէ մեկը երաշխավորված չէ ազատվել պաշտոնից, եթե ի հայտ գան հանգամանքներ...»
arayik-harutyunyan

«Իմ՝ որևէ մեկի հետ հարաբերությունները զրո ազդեցություն ունեն նշանակումների վրա»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հունիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում մեջբերեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նա ընկերական կապեր ունի Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ:

«Սամվել Հարությունյանի նշանակումից հետո էլ Ազգային ժողովում ասել եմ, որ որևէ մեկը երաշխավորված չէ, որ եթե նույնիսկ երեկ է նշանակվել, ազատվի պաշտոնից, եթե ի հայտ գան հանգամանքներ: Այսինքն՝ այս նշանակումը որևէ բան չի նշանակում: Եթե իմ հետ կապված, վարչապետի հետ կապված կամ Սամվել Հարությունյանի հետ կապված կլինեն բացահայտումներ, այդ մարդը կհեռացվի պաշտոնից»,- նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը խնդրեց՝ բոլոր նշանակումների հետ կապված արձագանքներին զգուշորեն վերաբերվել:

«Կարող է դա պայմանավորված լինել տվյալ անձանց միջանձնային հարաբերություներով, տվյալ անձանց հարազատների կամ հենց իրենց հետ կապված պաշտոններում չհայտնվելու որոշակի սպասումներով»,-ասաց նա:

Անդրադառնալով Բարձրագույն որակավորման կոմիտեի նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանի անձի շուրջ սոցիալական ցանցում ծավալված խոսակցություններին՝ կապված նրա ոչ ստանդարտ լուսանկարների հետ՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ փայլուն գիտնական է, մաթեմատիկայի ոլորտում մեծ ներդրում ունեցած անձ:

*

*