Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ՔՊ վարչության նախագահի թեկնածությունից իր ինքնաբացարկը

Միրզոյանը վարչությունը նախագահելու համար Սուրեն Պապիկյանին համարում է ավելի լավ թեկնածու
ararat-mirzoyan

ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը վարչությունը նախագահելու համար Սուրեն Պապիկյանին համարում է ավելի լավ թեկնածու: Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքն ինքնաբացարկ հայտնել:

«Կարծում եմ, որ Սուրեն Պապիկյանն ավելի լավ թեկնածու էր վարչությունը նախագահելու համար, և մենք ճիշտ ընտրություն ենք կատարել»,- ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով վարչության անդամների ընտրությանը՝ նշեց, որ վարչության որոշ ընտրված անդամների դեպքում արդյունքը սպասելի էր, որոշների դեպքում՝ ոչ: «Ոչ ոք չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել 21 անդամներին»,- նշեց Միրզոյանը:

Անդրադառնալով այլ հարցերի՝ նա վստահեցրեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված չի եղել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության 3-րդ նախագահ: Առաջադրված է եղել նաև ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թեկնածությունը, որոնք, սակայն, ինքնաբացարկ են հայտնել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը բաղկացած է 21 անդամից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները