Արարատ Միրզոյանը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի գերակայությունները վարչապետ ընտրվելու դեպքում

«Չորրորդ գերակայությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է»
aj-1

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ներկայացրեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գերակայությունները՝ վարչապետ ընտրվելու դեպքում, ինչպես նաև Փաշինյանի կենսագրությունը:

Արարատ Միրզոյանի խոսքով` անցումային կառավարության գերակայություններից է լինելու քաղաքական համազգային համերաշխությունը: Նա ընդգծեց, որ անցյալի սխալների բարձրաձայնումը ոչ թե պետք է խոչընդոտի այդ համերաշխությանը, այլ ճիշտ հակառակը, դառնա դաս, դառնա փորձառություն, և հարթի ուղի դեպի զարգացման ճշմարիտ ճանապարհը:

«Երկրորդն այն է, որ այս կառավարությունը պետք է ապահովի երկրի բնականոն գործունեությունը՝ սկսած սահմանների պաշտպանությունից, ֆինանսական համակարգի կայունությունից, վերջացրած ընթացիկ առաջացող խնդիրների օպերատիվ լուծումով: Այս կառավարությունը նաև պետք է դնի այն սոցիալ- տնտեսական հիմքը, հղի այն սոցիալ-տնտեսական ուղերձները, որոնք պետք է նախանշեն հետագա զարգացման քաղաքականությունը»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Խոսելով երրորդ գերակայությունից՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ պետք է բարեփոխվի ընտրական համակարգը. «Առաջին հերթին խոսքն ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի հարակից օրենքների փոփոխության մասին է»:

«Վերջապես չորրորդ գերակայությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է: Ընտրություններ, որոնք կլինեն իսկապես ազատ, իսկապես ժողովրդավարական, արդար, ընտրություններ, որոնց արդյունքները որևէ կասկած չեն առաջացնի որևէ մեկի մոտ»,- հավելեց նա:

*

*