Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Հոկտեմբերի 25-ին Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի շրջանակներում և նրա անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագիրը
ararat-mirzoyan

Բելգրադում hոկտեմբերի 12-ին անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական կողմը պատրաստակամ է զարգացնել թե′ բազմակողմ, թե′ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։ Հոկտեմբերի 25-ին Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի շրջանակներում և նրա անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագիրը։

Հայաստանի խորհրդարանի խոսնակը, ընդգծելով մեր երկու ժողովուրդների դարավոր կապը, խոսել է դրանց աշխուժացման կարևորության մասին, ինչին մեծապես կարող է նպաստել Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը։ Կողմերը քննարկել են միջազգային խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության հնարավորությունները՝ հիմք ընդունելով միմյանց ազգային շահերը։

*

*