Անկախ ստաժից` մարդը նվազագույն ծախսեր հոգալու իրավունք ունի. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանն արձագանքեց ընդդիմադիրների դիտարկումներին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ նվազագույն կենսաթոշակի շեմ սահմանելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիր գործընկերների դիտարկումներին: Միրզոյանը, մասնավորապես, նշեց` երկու ամսվա կառավարությունը հսկայական դրական քայլ է կատարում, և սա պետք է արձանագրվի:

«Իմ զարմանքն ու տարակուսանքն եմ ուզում հայտնել այն մթնոլորտի առնչությամբ, որով ընթացավ այդ հարցի քննարկումը: Կառավարությունը բերել է նախագիծ, որով լուծվում է որոշակի թվով մարդկանց հարց: Հնչում են քննադատություններ, թե մնացածն ինչ են լինելու, ինչու է տասը և տասներկու տարվա ստաժ ունեցողների միջև անհավասարություն առաջանում: Այսպես, թե այնպես, չաշխատած մարդը, մեկ ամիս աշխատածը և տասը տարի աշխատածը ստանում են նույն կենսաթոշակը, հիմա այդ շեմը երկու տարով ավելացվում է: Կա նվազագույն շեմ, որից ներքև էական չէ, թե ով քանի տարի է աշխատել: Այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն: Մարդն աշխատել է մեկ տարի, թե տասը տարի, իրավունք ունի ապրել, նվազագույն ծախսեր հոգալ: Այս օրենքի նախագիծը դրա մասին է»,-նշեց Միրզոյանը:

*

*