Ալիկ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ-ի Արարատի տարածքային կառույցը

Նախկին ոստիկանապետը կփոխարինի Կարինե Պողոսյանին։
alik-sargsyan

ՀՀԿ-ն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջարկել է գլխավորել Արարատի մարզում կուսակցության տարածքային կառույցը: Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ Ալիկ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը:

«Առաջիկա օրերին կլինի տարածքային կառույցի խորհրդի նիստը, և Ալիկ Սարգսյանը կանցնի իր պարտավորությունների կատարմանը»,- ասաց Թադևոսյանը:

Անդրադառնալով Արարատի մարզի Մխչյան, Բանավան և Նշանավան համայնքների ղեկավարների ` ՀՀԿ-ն լքելու մասին լուրերին` Ռուբեն Թադևոսյանն ընդգծեց, որ ոչ կուսակցության Արարատի մարզի շրջանային կառույցները, ոչ կենտրոնական գրասենյակը նրանց կողմից կուսակցությունը լքելու դիմումներ չեն ստացել:

«Երբ կլինեն դիմումները, մենք այդ հարցին կանդրադառնանք»,- եզրափակեց Թադևոսյանը:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալուց հետո կուսակցությունը լքել է նաև Արարատի մարզում ՀՀԿ տարածքային կառույցի նախկին ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Պողոսյանը: Կարինե Պողոսյանի հետ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել 12 այլ անձինք ևս` հիմնականում Արարատի մարզից:

*

*