«Խնդրում եմ, հանրապետականնե′ր՝ որպես ձեր նախկին վարչապետ․․․»․ Արամ Սարգսյան

Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր ողջ աշխարհի հայությունն ամենաշատն է տալիս
aram-sargsyan-aj

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրադրության հիմնական հանգուցալուծումը տեսնում է ընտրությունների մեջ, այս մասին նա ասաց ՀՀ Ազգային ժողովի հրավիրած հատուկ նիստի ժամանակ իր ելույթում:

«Ընտրության ժամանակ է, որ առաջին՝ մարդը տեսնում է, որ ինքն է իշխանության տերը, և իր քվեն ստացած իշխանավորը ծառայում է այդ մարդուն: Երկրորդ, ընտրության ժամանակ հաղթած և պարտված կողմերն ընդունում են, որ իրենք հաղթել և պարտվել են արդար ընտրությունների պարագայում, և միայն այդ պարագայում է, որ քաղաքական միտքն է զարգանում, չկա թշնամանք, չկա չարություն: Եվ երրորդ, աշխարհն ընդունում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր ողջ աշխարհի հայությունն ամենաշատն է տալիս, հետևաբար նա է այն երաշխավորը, որ կարող է արդար ընտրություն անցկացնել: «Լավ, բժիշկ չէ, տրանսպորտնիկ չէ, գնացքավար չէ, բայց նա երաշխավոր է: Նա հանել է այս ժողովրդին: Խոսում եք աշխարհաքաղաքական բևեռներից, ուղղվածությունից և այլնից, գուցե դրա համար է, որ ես Նիկոլ Փաշինյանի կողքին չեմ, բայց խնդիր կա, չէ՞, եկեք ընդունեք, որ մեր երկրի ամենակարևոր, ամենաէական խնդիրը մեր երկրի անկախության խնդիրն է: Ընդունեք, որ մենք լուրջ կախվածություններ ունենք թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական, թե քվեարկությունների առումով»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա վստահեցրեց, որ այդ խնդիրները հնարավոր կլինի լուծել, երբ Հայաստանն ինքնիշխան է, ունի ընտրված իշխանություններ: «Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դրա հստակ օրինակն են: Երբ լեգիտիմ իշխանություն կա, քեզ հարգում են, կարող ես քվեարկել այնպես, ինչպես ուզում ես»,- նշեց նա:

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ իսկապես զարմացած է Նիկոլ Փաշինյանի տված հարցերի պատասխաններից: «Եղբորիցս հետո որևէ վարչապետի ծրագիր ներկայացնելուց, ներառյալ իմ ծրագիրը ներկայացնելուց, որևէ մեկի պատասխաններն այդքան հստակ, չափված-ձևված, պատրաստված չեն եղել, որքան ձերը»,- դիմելով ՀՀ վարչապետի թեկնածու Փաշինյանին՝ ասաց նա:

Դիմելով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորներին՝ նա հորդորեց քվեարկության ժամանակ մտածել երկրի մասին: «Հանրապետականներ, խնդրում եմ ձեզ, խնդրում եմ որպես ձեր նախկին վարչապետ, որպես ձեր նախկին վարչապետի փոքր եղբայր՝ մտածեք այս երկրի մասին ձեր քվեարկության կոճակը սեղմելուց»,- այս խոսքերով եզրափակեց ելույթը Արամ Սարգսյանը:

*

*