Փաշինյանը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

«Ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության»․ Արամ Ա կաթողիկոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է.

«Հատկապես այս խոսակցությունը կարևոր է մեր երկրի ապագայի վերաբերյալ, մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մեր համազգային օրակարգի քննարկման շատ կարևոր առաքելություն ունենք և մեր համազգային օրակարգի ձևավորման շատ կարևոր առաքելություն ունենք: Մենք գիտենք մի բան. և′ մենք, և′ մեր ժողովուրդը, և′ մեր եկեղեցին, և′ մեր հոգևոր դասը մի բանում համաձայն ենք, որ մենք չենք պարտվելու և պիտի հաղթենք այն մարտահրավերին հանդիման, որը մեր պետության, մեր ժողովրդի առաջ է, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, Սփյուռքի: Համոզված եմ, որ այսպիսի շփումը, եկեղեցու հետ մեր հարաբերությունները և շփումը, քննարկումներն այս հարցում ունեն կարևոր և վճռական նշանակություն: Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար և շնորհակալ եմ այցելության համար»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքում մասնավորապես նշել է.

«․․․Մենք այլ առիթներով էլ բազմիցս ասել ենք, որ Հայ առաքելական եկեղեցին պիտի շարունակի նույն նախանձախնդրությամբ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր երկրի, մեր պետության  և աշխարհասփյուռ մեր ժողովրդի առջև: Բնականաբար, դա թե՛ Արցախի անկախ պետականության ճանաչման  հարցն է, թե՛ Հայոց ցեղասպանության, և թե՛ մեր երկրի կայուն, ապահով, առաջընթաց կյանքը:

Այնուհետև խոսքով է հանդես եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով, մասնավորապես, նշել է.
«Սիրելի պարոն վարչապետ,

Ձեր հաջողությունը հայրենիքի հաջողությունն է, հայրենիքի հաջողությունը մեր ամբողջ ազգի հաջողությունն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության սահմաններից անդին հարաբերաբար Սփյուռքին որոշ պատասխանատվություններ ունի: Հետևաբար, ես Ձեր առաքելությունն ավելի համապարփակ կերպով եմ տեսնում: Իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Այդ հանձնառությամբ Դուք այս առաքելությանը լծվեցիք և Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել: Հանգրվանային կերպով առաջատվական ընթացքով իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները, ակնկալությունները իրագործվեն: Եվ այս ընթացքի մեջ նաև իմ սպասումս է, որ կարևորությամբ շեշտեք բազմակարծիքության բերելիք նպաստը Ձեր առաքելությամբ՝ թե՛ խորհրդարանից ներս, թե՛ խորհրդարանից դուրս:

Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն՝ մեր համազգային արժեքների և  իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք: Եթե կան բևեռացումներ, այդ բևեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ  եկեղեցու դերը ես շատ կարևոր եմ համարում»:

Մանրամասները՝ այստեղ։ 

*

*