Մարզամշակութային տոնախմբություն` Արաբկիրում. ներկա էին ավագանու ՀՅԴ թեկնածուները

Տոնախմբությունից հետո ՀՅԴ-ականներն ավտոշարասյունով շրջելու են Երևանի վարչական բոլոր շրջաններում

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության տոնի առիթով, Երևանի Արաբկիր վարչական շրջանում թաղապետարանի կողմից կազմակերպվել էր մարզական և մշակութային տոնախմբություն: Տոնախմբությանը մասնակցում էին ՀՅԴ ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուները` քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը, Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանը, ցուցակի երկրորդ  եւ երրորդ համարներ Դավիթ Հակոբյանն ու Խաչատուր Ստեփանյանը և այլոք:

Նախքան միջոցառման մեկնարկը, թեկնածուները Սուրբ Հովհաննես եկեղեցում օրհնություն ստացան, ապա քայլերթով շարժվեցին Վարդան Դավթյանի այգի, որտեղ էլ տեղի ունեցավ տոնախմբությունը:

Նշենք, որ Հայաստանի անկախության տոնն այս տարի համընկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրվա հետ: Լրագրողները ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կգնահատի քարոզարշավի ընթացքը:

«Բոլորս ներկայացրել ենք քարոզարշավին ծրագրեր, բոլոր ուղղություններով խնդիրները բարձրացված են, դրանց լուծումների մասին խոսել ենք, բայց կարծես թե մոռացել ենք մեր ժողովրդին, մեր երևանցուն: Ի վերջո, բոլոր ծրագրերն էլ մարդկանց համար են: Երևանցին Երևանում պետք է լավ, ուրախ, բարեկեցիկ ապրի»,- ասաց նա։

Տոնախմբությունից հետո ՀՅԴ-ականներն ավտոշարասյունով շրջելու են Երևանի վարչական բոլոր շրջաններում` բնակիչներին կոչ անելու ընտրել ՀՅԴ-ին:

*

*