Արցախը նաև համահայկական երազանքի մարմնավորումն է. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում։
ara-babloyan

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությանը, Արցախի անվտանգությանն ու խաղաղությանը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Սա մեր քաղաքականության ելակետն է, որի մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հստակ հայտարարեց նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը»,- նշեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի սահմանների անվտանգությունը և խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից. անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: «Արցախը նաև համահայկական երազանքի մարմնավորումն է: Համոզված եմ, որ բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի մարտական պատրաստականության վրա: Մեր բանակը օր օրի հզորանում է նաև ձեր աջակցության շնորհիվ, որովհետև նույնիսկ ամենահեռու վայրում գտնվող հայը չի կարող անտարբեր լինել մեր բանակի նկատմամբ: Հենց սա է «Ազգ-բանակ» գաղափարախոսության ցայտուն օրինակը»,- նշեց Բաբլոյանը:

Նա շեշտեց, որ ՀՀ իշխանությունները շատ լավ գիտակցում են, թե ինչ մարտահրավերներ կան պետության առջև: «Մենք առաջին հերթին ելնում ենք մեր շահերից և նպատակներից՝ դիվանագիտական միջոցներ ու հնարքներ օգտագործելով»,- ասաց ԱԺ նախագահը:

*

*