Ինչո՞ւ ՀՀ նախագահը և ԱԺ նախագահն անվտանգության խորհրդի կազմում չեն լինի

«Բոլոր խորհրդարանական համակարգերում առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը»
serj-sargsyan-aax-nist (1)

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պարզաբանել է, թե ինչու «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նոր օրենքով ՀՀ նախագահը և Ազգային ժողովի նախագահն անվտանգության խորհրդի կազմում չեն լինի: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ կիսանախագահական և նախագահական կառավարման համակարգերում անվտանգության խորհուրդն ունի բոլորովին այլ՝ խորհրդատվական գործառույթ, իսկ խորհրդարանական կառավարման պարագայում իրավիճակն այլ է: «2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, և մեր հանրությունն «այո» ասաց խորհրդարանական համակարգին: Իշխանությունների տարբեր ճյուղերի տարանջատումն ավելի հստակ է դառնում՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններն ունեն իրենց հստակ գործառույթները: Երբ այստեղ հարցնում են, թե ինչո՞ւ Ազգային ժողովի նախագահը, Հանրապետության նախագահը անվտանգության խորհրդի անդամներ չեն, դա որևէ քննադատության  չի դիմանում: Ես, պարոն Մելքումյանը, պարոն Բաբլոյանը, մեր հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները Ազգային ժողովի խորհրդի անդամներ ենք: Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչի համար վարչապետն Ազգային ժողովի խորհրդի անդամ չէ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ժողովրդավարության հիմքերի հիմքը իշխանության տարբեր ճյուղերի հստակ տարանջատման սկզբունքն է: «Հիմա մենք պետք է ընտրենք Բարձրագույն դատական խորհրդի անդամների: Ազգային ժողովի նախագահը կամ փոխնախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամնե՞ր են: Օրենսդիրի գործառույթը չէ մտնել գործադիր կամ դատական իշխանության ուղղակի գործողության ոլորտ, նույն կերպ՝ դատական կամ գործադիր իշխանությունների գործառույթը չէ մտնել օրենսդիրի ուղղակի գործունեության ոլորտ: Ամբողջ խնդիրը սրա մեջ է»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ բոլոր խորհրդարանական համակարգերում պետության գլուխը՝ նախագահը,  հետևում է Սահմանադրության իրականացմանը և ունի Սահմանադրությամբ իր վրա դրված լիազորություններ, որոնք հանգիստ իրականացնում է, իսկ առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները