Երևանում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները

Հիմնական ուշադրությունը հատկացվել է սահմանին տիրող իրավիճակին:
handipum
Լուսանկարն՝ Արմենպրեսի

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև 2017-2018թթ. համագործակցության պլանի համաձայն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի հրավերով 2017թ. մարտի 6-7-ը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան:

Այցի շրջանակներում մարտի 7-ին կայացել են Յուրի Խաչատուրովի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, հիմնական ուշադրությունը հատկացվել է հայ-ադրբեջանական սահմանում և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ներկայիս ընթացքից: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների բանակցությունների արդյունքներով ստորագրվել է արձանագրություն:

Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նույն օրը Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև երկու երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների փորձագիտական խորհրդատվությունները:

*

*