Աշխարհը պիտի տեսնի, թե ինչ զինամթերք ունենք. Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան. «Մենք երբևիցե ագրեսոր չենք լինելու, դա մեր բնությանը դեմ է, բայց դա չի նշանակում, որ միշտ պաշտպանվողի դերում ենք լինելու»
davit-babayan

Այս զորահանդեսը շատ կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհին և Ադրբեջանին ցույց տրվի, թե ինչպիսի զինամթերք ունենք մենք, որպեսզի իլյուզիաներ չունենան, թե կարող են նորից հարձակվել: Այս մասին Aysor.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

— Պարո՛ն Բաբայան, խոսակցություններ կան, որ հոկտեմբերից սահմանում կարող է սրվել իրավիճակը: Ի՞նչ կանխատեսումներ ունեք:

— Մենք ցանկացած պահի պատրաստ ենք կասեցնելու թշնամու ցանկացած ոտնձգություն: Բանակը կատարում է իր պարտականությունները: Մեր զինված ուժերն ամեն վայրկյան վերահսկում են հայրենիքի սահմանները և կասեցնում են ցանկացած պրովակացիա և ոտնձգություն: Ինչ վերաբերում է կոնկրետ ժամերին և թվերին, ապա կարծում եմ, որ Նոբելյան մրցանակի արժանի հայտնագործություն չի լինի, եթե ասենք, որ ինչպես ավազակը, այնպես էլ ագրեսորը միշտ թաքցնում է իր բուն նպատակը, միշտ թաքցնում է օրը, ժամը, ամիսը, թե երբ պետք է հարձակվի: Նման կատեգորիայի ուժերը՝ ագրեսորները, հանցագործները պետք է անակնկալի բերեն դիմացինին: Դրանով իրենք մեծ շանսեր են ունենում հաջողության հասնելու: Հետևաբար, նման խոսակցությունները պարզապես հակառակորդի կողմից դիտավորյալ տարածվող տեղեկատվություններ են, որպեսզի վախ մտցնեն մեր շարքերը, որպեսզի ինչ-որ ձևով տնտեսության վրա ազդեն, ներդրողները չներդնեն, կապեր չհաստատեն, խափանեն միջազգային ցանկացած համագործակցություն և այլն: Եթե Ադրբեջանը պատրաստ է հարձակման, ապա պարզ է, որ չի ասելու, թե այսինչ օրն ու այսինչ ժամին հարձակվելու եմ: Ինչ վերաբերում է նրան, թե թշնամին կարող է հարձակվել, թե ոչ, իհարկե՛, հավանակությունը քիչ է, բայց այն միշտ կա: Մեկ բան պարզ է, որ հարձակումը ստանալու է համարժեք պատասխան, մենք միշտ պատրաստ ենք ցանկացած պահի ցանկացած համարժեք հակահարված տալու:

— Մոտակա ժամանակաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց սպասվո՞ւմ է տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան ու Արցախ:

— Իրենք պարբերաբար այցելում են տարածաշրջան, նաև՝ Արցախի Հանրապետություն: Լինում են նաև բացառություններ, օրինակ, եթե նրանց առաքելության հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպման կազմակերպումն է, այդ ժամանակ միգուցե չայցելեն Արցախ: Եղել  են դեպքեր, երբ բնակլիմայական պայմանների, վատ եղանակի պատճառով չեն այցելել Արցախ, բայց այս ինը տարվա ընթացքում առնվազն մեկ-երկու նման դեպք է եղել: Այս պահի դրությամբ հանդիպման ոչ կոնկրետ օր կա, ոչ կոնկրետ ժամանակահատված:

-Անկախության 25-ամյակի կապակցությամբ Երևանում զորահանդեսի փորձեր են, Հայաստանի զինտեխնիկան է ցուցադրվում: Սեպտեմբերի 21-ին էլ այն ավելի մեծ շուքով կներկայացվի: Սա ի՞նչ արձագանքներ կարող է առաջացնել Ադրբեջանում, ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

— Ե՛վ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետության ռազմավարական հայեցակարգը հիմնված է ակտիվ պաշտպանության գաղափարի վրա: Մենք երբևիցե ագրեսոր չենք լինելու, դա մեր բնությանը դեմ է, բայց դա չի նշանակում, որ միշտ պաշտպանվողի դերում ենք լինելու: Դրա համար գոյություն ունի այնպիսի տերմին, ինչպիսին է ակտիվ պաշտպանությունը, այսինքն՝ եթե թշնամին հարձակվի մեզ, ստանալու է արժանի հակահարված: Տվյալ դեպքում ռազմական գործողությունները պետք է տեղափոխենք թշնամու տարածքի խորքը, եթե այդպիսի վտանգ լինի և հարձակում  տեղի ունենա: Իսկ այս զորահանդեսը շատ կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհին և Ադրբեջանին ցույց տրվի, թե ինչպիսի զինամթերք ունենք, որպեսզի իլյուզիաներ չունենան, թե կարող են նորից հարձակվել:

Ապրիլին նրանք հարձակվեցին, և տեսանք, թե այն ինչպիսի հետևանք ունեցավ իրենց համար. տվեցին հազարավոր կորուստներ, տասնյակ խոցված տեխնիկա, միլիարդների հասնող նյութական վնասներ և այլն: Նրանք պետք է տեսնեն, որ սա խաղաղության մեսիջ է, որ մենք ուզում ենք խաղաղություն, բայց ոչ թե վախենում ենք, այլ պարզապես չենք ուզում, որ ևս մեկ անգամ արյուն թափվի, ավերածություններ և կորուստ լինի: Ի վերջո, բանակցություն բառն իր արմատում ունի բանակ հասկացությունը, այսինքն, ագրեսորը, հանցագործը, ավազակը միշտ պետք է իմանա, թե ով է իր դիմաց կանգնած: Եթե իր դիմաց կանգնած է մի մարդ կամ մի պետություն, որը խաղաղասեր է, բայց այդ խաղաղասիրությունը գալիս է նրանից, որ թույլ է, այդ դեպքում ագրեսորն անպայման կհարձակվի: Բայց եթե ագրեսորը տեսնում է, որ իր դիմաց կանգնած է խաղաղասեր, բայց ուժեղ պետություն, որը ցանկացած պահի ցանկացած հակահարված կարող է հասցնել, այդ դեպքում սա շատ կարևոր պատգամ է այդ ագրեսորին: Ադրբեջանը թող տեսնի, թե ինչպիսի զինանոց ունենք մենք և քաղաքական պրովակացիաներ չշահարկի:

*

*