Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի երկակի դիրքորոշումը այնքան էլ հուսալի չէ

Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության ամրապնդման բանալին Երևանում է։
andranik-mihranyan3

Աշխարհաքաղաքական  տեսանկյունից Ռուսաստանի համար շատ կարևոր է Հարավային Կովկասում ազդեցության ամրապնդումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

«Քաղաքագետների մի մասը կարծում է, որ տարածաշրջանում Ռուսաստանի  ազդեցության ամրապնդման բանալին Թբիլիսիում է, մյուսները` Բաքվում: Իմ  կարծիքով`  Հարավային Կովկասում Ռուսաստանի  ազդեցության ամրապնդման բանալին Երևանում է»,- ասաց Միհրանյանը:

Նրա կարծիքով` Հարավային Կովկասում ազդեցության պահպանման տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում  Ռուսաստանի երկակի դիրքորոշումը այնքան էլ հուսալի չէ:

«Ռուսաստանի ներկայիս նպատակն է պահպանել իր ազդեցությունը Ադրբեջանում և չվատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Կարծում եմ, Հարավային Կովկասում ազդեցությունը ամրապնդելու համար ոչ այնքան հուսալի ճանապարհ է: Այնուամենայնիվ, տվյալ փուլում Բաքվի տրանսպորտային, տնտեսական և այլ կապերը Իրանի և Թուրքիայի հետ ռուսական կողմի միջնաժամկետ հետաքրքրությունների շրջանակում են»,- նշեց քաղաքագետը:

Քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը բավականին մեկուսացված երկիր է.  ամերիկյան, եվրոպական մամուլում այդ պետությունը բնութագրվում է որպես միապետական ռեժիմ ունեցող երկիր, որտեղ  չկան տարրական ազատության իրավունքի նորմերը և այսպիսի երկրները շատ  հաճախ անտեսում են միջազգային կառույցների կարծիքը:

*

*