Անդրանիկ Կարապետյան. «Ցանկանում են իմ ուժը, իմ գաղափարը, իմ «դուխը» դնել՝ հանուն մեր հայրենիքի»

ՀՅԴ ներկայացուցիչները այսօր հանդիպում ունեցան Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչների հետ:
andranik-karapetyan

yerkir.am— ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպում ունեցան Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի բնակիչների հետ: ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Անդրանիկ Կարապետյանն իր ելույթում ասաց՝ առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու, ցանկանում է ապրել մեր պապերի երազած հայրենիքում, «Սասնա ծռեր» էպոսի գաղափարով հայոց արդարության երկրում:

«Հազարավոր տարիներ առաջ մենք ունեինք հայրենիք, որի հարևանները մեզ անվանում էին աստվածային երկիր, բայց չգիտես ինչու մենք կորցրեցինք այդ երկիրը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ես, որպես երիտասարդ անձնավորություն, որպես նոր ոգեղեն գաղափարների կրող, ցանկանում են իմ ուժը, իմ գաղափարը, իմ դուխը դնել՝ հանուն մեր հայրենիքի»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրում բացակայում է արդարությունը, վստահության պակաս կա՝ սեփական իշխանությունների նկատմամբ և հիասթափություն:

«Մարդիկ հիասթափված են իրենց երկրից, իրենց հարևաններից, բարեկամներից, բացակայում է սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ: Այսօր անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել արդար, ազատ ընտրություններ կազմակերպել, որով պարզ կլինի՝ մենք կունենա՞նք որակյալ կառավարություն, խորհրդարան, թե՞ ոչ»,- նշեց նա՝ հավելելով.

«Այդ ամենով է որոշվելու մեր երկրի վաղվա ճակատագիրը, որում պետք է ապրեն մեր երեխաները, մեր մայրերը, մենք: Մեր որոշումներից է կախված՝ մենք ինչ տեսակի հայրենիք ենք ունենալու, այսինքն՝ մարդիկ շարունակելո՞ւ են լքել իրենց հայրենիքը հանապազօրյա հաց ստեղծելու համար, թե՞ ոչ: Մենք հայ ենք, ամբողջ աշխարհում մեզ ճանաչում են ու գնահատում, միայն ինքերս մեր արժեքը չգիտենք»,- ասաց նա:

Կարապետյանն իր խոսքի վերջում մեջբերեց ԱՄՆ նախկին նախագահներից մեկի խոսքը, համաձայն որի՝ հայրենիքը պետք է սիրել այն ժամանակ, երբ այն թույլ է, հիվանդ և աղքատ, ոչ թե երբ այն հարուստ է և հզոր:

*

*