ԱՄՆ Սենատում կրկին բարձրաձայնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Սակայն հանրապետական սենատոր Դեւիդ Փերդյուն օգտվել է հարցը կասեցնելու իր իրավունքից․․․
ghazakhstan-senat

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը կրկին կոչ են արել ամերիկյան Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին, ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձեւը: Սակայն հանրապետական սենատոր Դեւիդ Փերդյուն օգտվել է հարցը կասեցնելու իր իրավունքից՝ հայտարարելով, որ այդ բանաձեւի քվեարկությունը Սենատում կարող է բացասաբար ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Նշենք, որ ի տարբերություն Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Սենատի յուրաքանչյուր անդամ կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ էլ սենատոր Լինդսի Գրահամն էր վետո դրել բանաձեւի վրա՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո: Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ ՆԱՏՕ-ի 11 անդամ երկրներ ճանաչել են հայերի Ցեղասպանությունը եւ ոչ մեկի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն խզվել այդ պատճառով: Մենենդեսը հայտարարել է նաեւ, որ երբ բանաձեւի դեմ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնը այս կամ այն օրինագծի օգտին, ինքը պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հարցում:

Իսկ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է սենատոր Դեւիդ Փերդյուի հեռախոսահամարը՝ կոչ անելով էջի հետեւորդներին զանգահարել եւ հայտնել իրենց հիասթափությունը:

*

*