ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումները հայաստանյան վերջին զարգացումների մասին

«Սերժ Սարգսյանի անձի հեռացումից հետո, շարժումն առերեսվում է ավելի դժվարին խնդրի հետ». Էլեն Աղեքյան
kongres-amn

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսներն էին վերլուծաբաններ Սթեֆան Նիքսն ու Էլեն Աղեքյանը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

«Անկախ նրանից, թե մենք այս շարժումը կոչենք գունավոր հեղափոխություն կամ ուղակի հեղափոխություն, այն միանշանակ ազատության, ընտրություն ունենալու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման վառ դռսևորում է: Հենց սա է ժողովրդավարության բնույթը»,- հայտարարել է International Republican Institute կազմակերպության Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսը, ով բանախոսներից մեկն էր հայաստանյան վերջին զարգացումներին նվիրված ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներում:

Լսումների մյուս բանախոս՝ անկախ վերլուծաբան Էլեն Աղեքյանն, իր հերթին, գտնում է, որ Սերժ Սարգսյանի անձի հեռացումից հետո, շարժումն առերեսվում է ավելի դժվարին խնդրի հետ, մասնավորապես գործող համակարգի դեմ պայքարը:

«Բողոքի շարժումն անսպասելիորեն հաջողություններ գրանցելուց հետո այժմ առերեսվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտների հետ, որոնցից է ոչ թե մեկ անձի իշխանությունը, այլ համակարգը, որը չափազանց կոռումպացված է, հագեցած ազդեցիկ օլիգարխներով և փորձում է պահպանել իշխանությունը»,- նշում է Աղեքյանը:

Ներկայացնելով զարգացումների հավանական երեք սցենարները, Սթեֆան Նիքսը կարծում է, որ չնայած Հանրապետական կուսակցությունն ունի մեծամասնություն Ազգային ժողովում, սակայն միակողմանի նշանակումն ու ծրագրի ընդունումն ավելի կխորացնի ճգնաժամը: Ընդգծելով բողոքի ցույցերի չափազանց կազմակերպված բնույթը՝ նա համուզված է, որ այս զարգացումները մեծ ազդեցություն են թողել մարդկանց մտածելակերպի վրա:

«Սա իրենից ներկայացնում էր չափազանց լավ կազմակերպված բողոքի ցույցերի շարք: Ցուցարարները հստակ գիտեն, թե ուր են գնում և որ ուղղությամբ: Որևէ ամբոխային մտածելակերպ չկար»,- ընդգծում է Նիքսը:

Երկու վերլուծաբաններ էլ համակարծիք են, որ նոր իշխանության առաջնահերթությունն է ընտրական համակարգի արմատական բարեփոխումը:

*

*