«ԱՄՆ-ի հետ հարաբերություններն անձերով պայմանավորված չեն»․ Աննա Նաղդալյան

Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը
anna-naghdalyan

«Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով, դրանք կրում են առավել ինստիտուցիոնալ բնույթ»,- հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցով խորհրդականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հեռացմանը:

Նրա խոսքով, պաշտոնական Վաշինգտոնի հետ Հայաստանն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, եւ դա շարունակական է:

Խոսելով Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին՝ Աննա Նաղդալյանը նշել է՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ սա բացասական ազդեցություն ունի ՀԱՊԿ-ի հեղինակության վրա:

Արտգործնախարարության խոսնակը վստահեցրել է, որ մեր մտահոգությունները լսելի են:

Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում: Հայկական կողմն ընդգծում է, որ կա ՀԱՊԿ-ի կանոնադրություն, որում հստակ ամրագրված են ե′ւ դիտորդի, ե′ւ գործընկերոջ չափանիշները:

«Հստակ պետք է արձանագրենք՝ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, եւ կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին»,- նշել է նա։

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*