ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը մերժում է Մադրիդյան սկզբունքները

...որը խորապես սխալ, անշրջահայաց և անհամաչափ առաջարկություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից
amn-hay-dat

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն այսօր վերահաստատեց իր սկզբունքային ընդդիմադիր դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների նկատմամբ, որը խորապես սխալ, անշրջահայաց և անհամաչափ առաջարկություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` Արցախի կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ նշվում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` որպես կառուցողական պլատֆորմ բանակցությունների շարունակման համար, բայց մերժում է նրա ներկայիս առաջարկությունը (հայտնի որպես Մադրիդյան սկզբունքներ) որպես խորապես թերի և, ի վերջո, անարդյունավետ ծրագիր, որը խոչընդոտում է խաղաղության գործին ու մեծացնում  պատերազմի վերսկսման ռիսկը:

Ըստ հայտարարության` Մադրիդյան սկզբունքները հիմնովին անհամաչափ պահանջներ են պարունակում` Արցախի կողմից հողերի ու անվտանգության նախնական, ռազմավարական և անվերադարձ զիջումներ` Ադրբեջանի կողմից կարգավիճակի վերաբերյալ աղոտ, հետաձգվելիք և հետադարձելի խոստումների դիմաց: Հայ Դատի հանձնախումբը շեշտում է, որ  Մադրիդյան սկզբունքների սահմանումներով ամբողջ պատասխանատվությունը դրվում է Արցախի վրա, իսկ Ադրբեջանը միայն շահում է, և այս ոչ ճշգրիտ բանաձևը խաղաղության չի հանգեցնի, այլ թատերաբեմ կլինի հակամարտության շարունակման և տարածաշրջանային անկայունության համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին 25 տարիների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն խախտել է 1994 թ. հրադադարի մասին եռակողմ պայմանագրով ստանձնած պարտավորությունները` լուրջ կասկածի տակ դնելով, թե արդյո՞ք երկրի ներկայիս կամ ապագա իշխանությունները գործնականում կհարգեն հանձնառությունները Մադրիդյան սկզբունքներով խաղաղության հաստատման համար:

«Մադրիդյան սկզբունքները հակասում են մեր ամերիկյան` ժողովրդավարական ինքնորոշման վերաբերյալ պատկերացումներին: Ժողովրդավարական և կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի ազատ քաղաքացիների` իրենց ընտրած կառավարության իշխանության ներքո ապրելու իրավունքի վրա»,- ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Առանձնահատուկ շեշտվում է, որ Մադրիդյան սկզբունքներում անդրադարձ անգամ չկա Ադրբեջանի կողմից Արծվաշենի (Հայաստանի Հանրապետություն), ամբողջությամբ Շահումյանի և մասնակիորեն Մարտակերտի ու Մարտունու (Արցախի Հանրապետություն) տարածքների բռնազավթման մասին, և չկա որևէ հիմք` հայոց պատմության, Ադրբեջանի քաղաքական հայտարարությունների, ժողովրդավարական սկզբունքների, միջազգային իրավունքի կամ հակամարտությունների կարգավորման նախադեպերի համատեքստում, հավատալու համար, որ Արցախի կողմից իր ինքնիշխան տարածքների մի ընդարձակ մասի հանձնումը երկիրը կդարձնի ավելի անվտանգ, իսկ Ադրբեջանին` քիչ ագրեսիվ, որ եթե Արցախը հողային զիջումների գնա, դրան չեն հետևի Ադրբեջանի` Արցախի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները, որ Արցախի շուրջը տեղակայված խաղաղապահները կկանխեն Ադրբեջանի նոր հարձակումները:

«Արցախի անկախ Հանրապետության ազատ քաղաքացիները, որոնք  խորհրդային` տասնամյակներ տևած իշխանության և ադրբեջանական ագրեսիայից հետո զարգացած ժողովրդավարություն են կառուցել, արժանի են նույն ժողովրդավարական ազատություններին և մարդու իրավունքներին, որոնք մենք գնահատում ենք որպես ԱՄՆ-ի քաղաքացիներ: Ըստ էության, Արցախն ամերիկյան պատմություն է, որը ներկայացնում է օտար իշխանությունների դեմ ազատ մարդկանց հաղթանակը: Արցախի Հանրապետության քաղաքացիներն իրենց` ժողովրդավարական կերպով ընտրված կառավարության միջոցով կարող են որոշումներ կայացնել սեփական ճակատագրի վերաբերյալ, այդ թվում` կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ միջազգային բանակցություններին Արցախի լիարժեք վերադարձի միջոցով: Արցախը ժողովրդավարական, քրիստոնյա, արևմտամետ հանրապետություն է, որը հստակորեն կանգնած է անհանդուրժողական ուժերի դեմ և արժանի է հզոր ամերիկյան աջակցության»,- ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ և կոչ ուղղվում ԱՄՆ-ին` շարունակել աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբում ու խրախուսել կողմերին` մի կողմ դնել ձախողված Մադրիդյան սկզբունքների` խորապես թերի փուլային և անհամաչափ մոտեցումը, մշակել ժողովրդավարության և ինքնորոշման վրա հիմնված նոր մոտեցում, որն ուղղված է փաթեթային ձևաչափով Արցախի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված` կարգավիճակի ու անվտանգության մասին հարցերի լուծմանը, միանալ Հայաստանի պահանջին` Արցախը մասնակցում է բոլոր միջազգային բանակցություններին և իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը:

*

*