Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն արժեքավոր գործընկերներ են. ԵԱՀԿ–ում ԱՄՆ հավատարմատար

ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է ՀՀ-ի նոր կառավարության և հայ ժողովրդի հետ համագործակցությանը
EAHK-MX

ԵԱՀԿ–ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Միշել Սայդերսը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն արժեքավոր գործընկերներ են: «ԱՄՆ շնորհավորում է Հայաստանին մայիսի 8-ին նոր վարչապետի ընտրության առթիվ։ Հայ ժողովուրդն ու նրա ընտրած ներկայացուցիչները ճգնաժամը լուծեցին խաղաղ և Սահմանադրությանը, օրենքի գերակայությանն ու ԵԱՀԿ–ում ՀՀ պարտավորություններին համապատասխան: Մենք նախկինի պես կոչ ենք անում նոր կառավարությունը ձևավորել օրենքի գերակայությանը համապատասխան և բոլոր հայերի շահերի արտացոլմամբ»,- ասել է Սայդերսը:

Վերջինս շեշտել է, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի նոր կառավարության և հայ ժողովրդի հետ համագործակցությանը երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում՝ ներառյալ առևտուրը, ժողովրդավարության ու օրենքի գերակայության աջակցության ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ապահովումը:

ԵԱՀԿ–ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը նաև կոչ է արել Հայաստանին շարունակել համագործակցությունը կազմակերպության հետ, հավելելով, որ Հայաստանի նախաձեռնությունը՝ տեղեկացնել Մշտական խորհրդին ներքաղաքական իրավիճակի մասին, դրական քայլ է։

*

*