ԱՄՆ դեսպանը հորդորում է սպասել Ամուլսարի հանքի շահագործման ուսումնասիրության արդյունքներին

«Կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան...»
amn-despan-lin

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հորդորում է սպասել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում ստորգետնյա ջրերի վրա հնարավոր ազդեցության ուսումնասիրության արդյունքներին ու փորձագիտական եզրակացությանը: Այս մասին դեսպանն ասաց մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ` շատ կարևոր է, որ մենք աշխատենք կառավարության հետ բիզնեսի ներդրումների համար նպաստավոր, թափանցիկ և կանխատեսելի միջավայր ձևավորելու ուղղությամբ, և դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլ ընդհանրապես ներդրողների համար: «Լիդիան»-ն այդ միջազգային ներդրողներից մեկն է, և կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան, և այժմ ուսումնասիրություն է ընթացքի մեջ գտնվում, արդյունքները կարևոր են, և կարևոր է նաև, որ նմանատիպ վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման»,- ասաց Թրեյսին:

Մայիսի 11-ին Վայոց ձորի մարզի  Ջերմուկ քաղաքում մեկնարկել էր Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները Երևանի Հանրապետության Հրապարակից և այլ շրջաններից ավտոերթով մեկնել էին Արենի, ապա Ջերմուկ: Հանրահավաքի նպատակն էր աջակցել Ամուլսար տանող ճանապարհները արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին:

Ավտոերթի և հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող ծրագիրը: Նշվում էր նաև, որ գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը, դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց՝ ամիսներ առաջ կայացրած որոշումը։

 

*

*