Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Կոնգրեսի ու Սենատի անդամների առջև

Նախագահը հունիսի 26-ին ժամանել է ԱՄՆ

Եռօրյա աշխատանքային այցով ԱՄՆ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ելույթով է հանդես եկել ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած ընդունելությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակեց ԱՄՆ Արևելյան ափին տեղի ունեցած 100-ամյակի տոնակատարությունների շարքը:

Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր մասերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ (պետքարտուղարություն ու պաշտպանության քարտուղարություն, ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալություն, ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակ, և այլն):

Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ժամանել է ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:

*

*