ԱՄԷ-ն Հայաստանում նշում է հիմնադրման 46-ամյակը

Հայ-էմիրաթական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են
ame-hayastan

Արաբական Միացյալ Էմիրությունները տոնում է հիմնադրման 46-ամյակը: Դեկտեմբերի 2-ին նշվող ազգային տոնի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ: ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին անդրադարձավ Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք բարձր մակարդակի են:

«Այս հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համագործակցության սկզբունքների վրա, ինչն անցյալ տարի հասավ ռազմավարական գործընկերության մակարդակի»,- շեշտեց  Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին՝ ընդգծելով, որ տնտեսական, մշակութային հարաբերություններում նկատվում են շարունակական զարգացման եւ աճի միտումներ, ինչի վառ ապացույցն է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճը: 2017 թվականին 9 ամիսների ընթացքում այն հասել է մոտ 140 մլն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 71 մլն դոլարի փոխարեն:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն էլ ընդգծեց, որ անցնող տարին իսկապես բեկումնային էր հայ-էմիրաթական հարաբերությունների համար:

«Մեր երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ ձեւավորված լավագույն բարեկամական հարաբերությունները ավելի նպաստեցին բոլոր ոլորտներում մեր կապերի զարգացմանը եւ խորացմանը:  Ես ուզում եմ այսօր վստահեցնել բոլորին, որ մենք նույն ջանասիրությամբ եւ եռանդով պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքները»,-եզրափակեց Արմեն Գեւորգյանը:

 

 

 

*

*