Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի պատասխանը Ալիևի հայտարարություններին

Ամենևին էլ պետք չէ անլուրջ վերաբերել Ալիևի հնչեցրած հայտարարություններին
aliev

Քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ ամենևին էլ պետք չէ անլուրջ վերաբերել Ալիևի հնչեցրած հայտարարություններին՝ Երևանը Ադրբեջանի պատմական հողեր որակելու և այն հետ վերադարձնելու մտադրության վերաբերյալ:

manvel-sargsyanYerkirmedia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարի ընթացքում «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու», Երևանը որպես «պատմական ադրբեջանական քաղաք» ներկայացնելու հայտարարություններին, Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանը պարզ և հստակ ռազմավարություն է որդեգրել այս տարիների ընթացքում, որին համապատասխան էլ շարունակում է վարել իր քաղաքականությունը: «Ադրբեջանը ղարաբաղյան հարցում արտացոլված հստակ ծրագրային մոտեցում ունի, այն է՝ օգտագործել բանակցային գործընթացը միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության սկզբունքն Արցախի վրա տեղայնացնելու համար՝ պահանջելով կամ խաղաղ կերպով իրենց վերադարձնել այն, կամ իրենք կգնան «օրինական» ուժ կիրառելու՝ իրենց պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Սրանում երբևէ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և գնալով արդեն 4-րդ անգամ նախագահության՝ Ալիևն ավելի հստակ է ձևակերպում, որ սա իրենց երկարաժամկետ ռազմավարությունն է, որը տարածվում է ոչ միայն Արցախի, այլև՝ ՀՀ-ի վրա»:

Սարգսյանը մտահոգություն է հայտնում, որ այս ամենին հայկական կողմը, չգիտես ինչու, անլուրջ է վերաբերում, և հայտնի չէ,  թե որն է ի վերջո հայկական կողմի որդեգրած ռազմավարությունն այս հարցում: «Եթե խոսում ենք Հայաստանի դիվանագիտական, քարոզչական մոտեցումների մասին, պետք է հստակեցնել, թե որն է մեր պետական ռազմավարությունն այս առնչությամբ, որն է մեր ռազմավարությունը բանակցային գործընթացին մասնակցելիս: Այս ողջ ընթացքում Մինսկի խմբի ձևաչափից այն կողմ հայկական քաղաքական միտքը չի գնացել»:

Քաղաքագետը նշեց, որ Ալիևի կողմից նման հայտարարությունն անխոս պետք է դիտարկվի որպես մեր տարածքային ամբողջականությանը բացահայտ կերպով նետվող սպառնալիք: «Չէ՞ որ նման հայտարարությունն արվում է Ադրբեջանի առաջին դեմքի կողմից՝ իրենց իշխող կուսակցության առջև»,- նկատեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է այսպիսի հռետորաբանությանը հակազդի հայկական կողմը դիվանագիտական հարթությունում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը բանակցությունների է գնում մի երկրի հետ, որի ղեկավարը բացահայտ կերպով հայտարարում է Երևանը գրավելու մտադրությունների մասին, Սարգսյանը նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ ադրբեջանական կողմը իրագործի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված հետաքննության մեխանիզմներ ներդնելու հետ: «Եթե Ադրբեջանը չի կատարում այդ պարտավորությունները, ապա որևէ իմաստ չկա գնալու անարդյունք բանակցությունների: Խնդրի ռազմական լուծումը վրա է հասնում հենց այն ժամանակ, երբ անարդյունք բանակցություններ են տարվում, սահմանին զոհերն են միայն նման բանակցությունների հետևանքը: Ադրբեջանն այն պետությունը չէ, որ կարողանա ռազմական ճանապարհով հասնել խնդրի լուծմանը, հակառակ դեպքում դրան վաղուց գնացած կլիներ»,- նկատեց Սարգսյանը: mihran-hakobyan

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Yerkirmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ Ալիևի նման հայտարարությունն ամենևին էլ ներքին լսարանին չէ ուղղված, այլ Ադրբեջանի՝ որպես պետության որդեգրած պետական ռազմավարության վերջնական ձևակերպումն է և ծավալապաշտական քաղաքականություն վարելու հավաստումը: «Ադրբեջանի ղեկավարը փաստացի իր ժողովրդին ու աշխարհին ասելու այլ բան չունի այլևս, քանի որ այս տարիներին այնքան մեծ քանակով նավթ է վաճառվել, որի շնորհիվ հնարավոր էր լուրջ ու մրցունակ տնտեսություն ունեցող երկիր կառուցել, որը չիրականացավ, իսկ այժմ բոլորին էլ հասկանալի է, որ Ադրբեջանն այդպիսին չի դառնալու: Այս պարագայում Ալիևին մնում է միայն նման ծավալապաշտական հայտարարություններ անել և վերջնակապես տանել իրավիճակը սրեցման»:

Հակոբյանի խոսքով՝ նման հայտարարություններից ոչ պետք է վախենալ, և ոչ էլ՝ զարմանալ, քանի որ 1990-ականներին էլ Ադրբեջանում հնչում էին նման հայտարարություններ, իսկ պատերազմը լրիվ այլ ավարտ ունեցավ: «Կարծում եմ՝ մենք պետք է ասիմետրիկ քայլերի դիմենք, միջազգային ատյաններում հնարավորինս բարձրաձայնենք ու հրապարակայնացնենք Ալիևի այս հայտարարությունը՝ ցույց տալով, որ նման մարդու հետ բանակցելը ադեկվատության լուրջ խնդիր է առաջացնում բանակցային ողջ գործընթացում: Եթե մենք բանակցում ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ մի մարդու հետ, ով հայտարարում է, որ ոչ միայն Արցախը, այլև՝ մեր մայրաքաղաք Երևանը իրենցն է ու պետք է իրենք հետ վերադարձնեն դրանք, սա ադեկվատության բացակայության մասին է խոսում: Մենք պետք է բոլորին ի ցույց դնենք ադրբեջանական կողմի այս ոչ ադեկվատ պահվածքը, որպեսզի հետագայում եթե իրավիճակն Ադրբեջանի պատճառով դուրս գա վերահսկողությունից, որևէ մեկը չկարողանա մեզ մեղադրել ինչ-ինչ քայլերի համար»,- նշեց պատգամավորը:

Այն հարցին, թե ինչպես պետք է հայկական կողմը դիվանագիտական հարթության մեջ հակազդի այս հայտարարություններին, որոնք, ըստ էության, սպառնալիք են մեր տարածքային ամբողջականությանը, Հակոբյանը նկատեց, որ ադրբեջանական կողմն անում է ամեն ինչ բանակցային գործընթացը տապալելու համար, քանի որ չի հաջողվում Մինսկի խմբի ձևաչափում հասնել իրենց հետապնդած նպատակին, և փորձ է արվում ձախողել բանակցությունները՝ խնդիրն այլ հարթություններ տեղափոխելով, որտեղ իրենք հնարավոր է ավելի լավ շանսեր ունենան: «Սա իրենց պետական ռազմավարությունն է, և ամեն ինչ արվում է՝ բանակցային գործընթացը տապալելու համար: Իրենք, իհարկե, չեն կարող հայտարարել բանակցություններից դուրս գալու մասին, քանի որ Մինսկի խմբում համանախագահող երկրները թեև միջազգային մակարդակով միմյանց հետ տարբեր խնդիր ու հակասություններ ունեն, բայց ղարաբաղյան հակամարտության հարցում լիարժեք կոնսենսուս է առկա նրանց միջև: Ուստի Ադրբեջանը ստիպված է անել ամեն ինչ գործընթացը վիժեցնելու համար, անգամ՝ մեզ դրդելով դուրս գալ բանակցություններից»:

Պատգամավորի կարծիքով՝ բանակցային գործընթացից դուրս գալը հակասում է մեր շահերին, քանի որ այս ձևաչափում պարտվում է Ադրբեջանը, և ոչ թե մենք: «Նման հայտարարություններով Ադրբեջանի ղեկավարն իրեն ու իր պետությանը դնում է խոցելի վիճակում, քանի որ ծաղրի առարկա է դառնում որպես մարդ, ով բանակցում է մի բանի շուրջ, բայց ծավալապաշտական պահանջներ ներկայացնում»,- եզրափակեց Հակոբյանը:

ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*