ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը

«Դա ոչ հավաստի տեղեկություն է»
aleqsandr-fomin-rd-pn-poxnaxarar2 (1)

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության փոխնախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: «Դա ոչ հավաստի տեղեկություն է»,- հայտարարեց Ֆոմինը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ալեքսանդր Ֆոմինը պատասխանեց, որ «Հայաստանն արդարադատություն է իրականացնում»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել  սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է, իսկ Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս իրադարձություններին հաջորդած ռուսական կողմի մի շարք հայտարարություններից  հետո ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը:

*

*