Խորհրդարանական ընտրությունների օրը կարող է հետաձգվել

Ըստ երկրի նախագահի՝ զավեշտական են փորձերը պնդելու, թե Հանրապետականից արտահոսք կա:

 

«Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ը, կարող է փոխվել, եւ ընտրությունները 4-5 օրով կարող են հետաձգվել, եթե բոլոր քաղաքական դերակատարները գան ընդհանուր քաղաքական պայմանավորվածության»,- ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ՝ այս մասին «Հանրապետականի» խորհրդի նիստում ասել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ հաշվի առնելով վերջին օրերին հնչած դիտարկումները, թե ապրիլի 2-ը քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակի օրն է:

ՀՀԿ-ի խորհրդի երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրվել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալ եւ կուսակցության քաղաքական հանձնաժողովի ղեկավար: ՀՀԿ խորհուրդը ընտրել է կուսակցության նախագահի եւս 3 տեղակալ՝ Արմեն Աշոտյան, Մուշեղ Լալայան, Գալուստ Սահակյան:

Որոշվել է, որ Գալուստ Սահակյանը կղեկավարի ՀՀԿ-ի նորաստեղծ ավագների խորհուրդը: ՀՀԿ ընտրական ցուցակին վերաբերող տեղեկություն Շարմազանովը լրագրողներին չի ներկայացրել: Ասել է, որ այն դեռեւս քննարկման փուլում է: Լրագրողների հարցին ի պատասխան՝ խոսել է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու պատճառների մասին՝ «Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մեջ փնտրել եմ ու չեմ գտել որեւէ քաղաքական դրդապատճառ: Քաղաքական գործիչը պետք է առաջնորդվի ոչ թե անձնական, այլ քաղաքական հիմնավորումներով»,- ասել է Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակը ներկայացրել է Սերժ Սարգսյանի ելույթից՝ առաջիկա ընտրություններին եւ նախընտրական գործընթացներին վերաբերող որոշ ընդգծումներ:

Գագիկ Ծառուկյանի քաղաքականության վերադարձ, Հովիկ Աբրահամյանի հեռացում ՀՀԿ-ից, առաջիկա խորհրդարանական ընտրություններ ու այդ օրվա փոփոխության հարց: Վերջին շրջանում հասարակությանը հուզող ու մամուլում տարբեր ձեւաչափերով քննարկվող թեմաններին անդրադարձել է նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ:

Ըստ երկրի նախագահի՝ զավեշտական են փորձերը պնդելու, թե Հանրապետականից արտահոսք կա: Որպես հակադարձում հիշեցրել է՝ միայն վերջին մի քանի ամիսներին կուսակցությանն անդամագրվել է 11000-ից ավելի մարդ:

«Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերն առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով քաղաքական դաշտում առկա որոշակի տարակարծությանն՝ ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու շուրջ, Սերժ Սարգսյանը նշել է՝ իրենց իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, եւ դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Սակայն, իրավաբանական ձեւակերպումներից անդին, խոստովանել է՝ ինքն էլ մտահոգություն ունի:

«Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում:

Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Ես անձամբ դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ինչ է լինելու:

Երկրի նախագահը վստահեցրել է, որ այօրվա իրենց հիմնական խնդիրը գալիք խորհրդարանական ընտրություններին բարձր մակարդակով նախապատրաստվելն ու ներկայանալն է:

*

*