Ջավադյանը տնտեսական անկման մեջ Կենտրոնական բանկի մեղավորությունը չի տեսնում

Արա Նռանյանը բացատրել է, որ տարվա ընթացքում հաճախ կնքվում են նոր պայմանագրեր, որոնք գումարներ են ավելացնում այս կամ այն նախարարության բյուջեում, սակայն խորհրդարանում այդ մասին տեղյակ չեն լինում, ինչն էլ պատգամավորների մոտ առաջացնում է մտահոգություններ։

Խորհրդարանում այսօր շարունակվել են 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները։ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը չի համաձայնել պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն մեղադրանքի հետ, ըստ որի, 2015 թվականին տնտեսական անկման մեղավորներից մեկը Կենտրոնական բանկն է։

«Դուք արգելում էիք տնտեսությունը վարկավորել, դրա շնորհիվ է, որ պահում էիք դրամի կուրսը»,-ասել է Բագրատյանը։

Ի պատասխան՝ Ջավադյանը նշել է, որ իրենք դրամի կուրսի պահմանն ուղղված որեւէ գործողություն չեն իրականացրել, այլ մշտապես պահպանել են ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը։ Միջամտել են միայն, երբ կտրուկ տատանում է եղել։

Հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի կարծիքը ներկայացրել է պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը Նռանյանից փործել է պարզել, թե ինչպես է խորհրդարանի կողմից հաստատված պետական բյուջեի մեջ ավելանում գումարներ։ Արա Նռանյանը բացատրել է, որ տարվա ընթացքում հաճախ կնքվում են նոր պայմանագրեր, որոնք գումարներ են ավելացնում այս կամ այն նախարարության բյուջեում, սակայն խորհրդարանում այդ մասին տեղյակ չեն լինում, ինչն էլ պատգամավորների մոտ առաջացնում է մտահոգություններ։

Նռանյանը առաջարկ է արել 2017-ի բյուջեի քննարկումների ժամանակ վերանայել օրենքով կառավարությանը տրված այդ արտոնությունը։

*

*