ՀՅԴ-ն վարչապետի հետ տարաձայնություններ չունի

Նոր խորհրդարանն առաջին նիստը կգումարի մայիսի 18- ին:

«Գերազանց առաջադիմությամբ Ազգային ժողով». այսպես Ազգային ժողովի հինգերորդ գումարման հերթական քառօրյա նիստը գնահատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատճառը ոչ թե պատգամավորների պարտաճանաչությունն էր, այլ հակառակը: Նիստին ներկայացել էր ընդամենը 5 պատգամավոր: Այսպիսով հերթական եւ քառօրյայի վերջին նիստը չկայացավ, կրկին քվորում չապահովվեց:

Ազգային ժողովում դռները հիմնականում փակ են, աշխատասենյակները` դատարկ: Պատգամավորների մեծ մասն աշխատանքի չի եկել: Հերթական քառօրյայի նիստին մասնակցեց՝ 5, չմասնակցեց 125 պատգամավոր: Քվորումը կրկին չապահովվեց: ԱԺ փոխնախագահը ներկաներին անուն առ անուն է թվարկում:

«Ես, տիկին Նաղդալյանը, պարոն Մարուքյանը, պարոն Ուրիխանյանը եւ պարոն Ռուբիկ Հակոբյանը»:

ԱԺ նախագահի պաշտոնում իր նշանակման մասին լուրերը ԱԺ փոխնախագահը չմեկնաբանեց:

«ՀՀԿ-ն մինչ այս պահը ԱԺ նախագահի, փոխնախագահների հարց չի քննարկվել, դրանք բոլորը մամուլի հաղորդագրություններ են»,- ասաց Շարմազանովը:

Րոպեներ հետո միջանցքում երեւաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նիստերի դատարկ դահլիճ մտավ, դուրս եկավ ու հեգնեց՝ ուրախ խորհրդարան է:

«3 ամիս էս երկրին փաստորեն խորհրդարան պետք չի»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ Արամ Մանուկյանը:

Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը նոր խորհրդարանում չի լինի: Իսկ ինչով կզբաղվի Արամ Մանուկյանը մանդատը վայր դնելուց հետո հարցին ասաց, որ դեռ չի որոշել:
«Մանկավարժություն կա, արվեստ կա, նկարչություն կա, միջազգային կառույցներ, տեսնենք ինչ կլինի»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կրկին պատգամավոր կլինի: Նոր խորհրդարանում այս ուժը ներկայացված կլինի ավելի մեծ կազմով: Պատգամավորը տեղակացրեց՝ շուտով կստորագրվի քաղաքական կոալիցիա ձեւավորելու մասին նոր հուշագիրը, որը հիմնված կլինի նախորդ՝ անժամկետ համաձայնագրի վրա: Այն նաեւ նոր խնդիրներ կլուծի:

«Նախեւառաջ դա հակակոռուպցիոն պայքարն է: Անկախ մարմնի մասին է խոսքը գնում, որի մասին խոսվում է կառավարության ծրագրում»,- ասաց ՀՀ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հաջորդը քննարկվում է կադրային քաղաքականությունը, տեղեկացրեց Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, մինչեւ հիմա այս նշանակումները չեն եղել անաչառ եւ հիմնավոր: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի նախարարական պորտֆելներին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ դրանց մասին վերջնական եզրակացության չեն հանգել: Դեռ ժամանակ կա: Արդյոք կփոփոխվեն ՀՅԴ նախարարները հարցին խմբակցության ղեկավարը հստակ պատասխան չտվեց:

Հարցը քննարկման փուլում է,ամեն ինչ հնարավոր է: Այդուհանդերձ խմբակցության ղեկավարը չբացառեց , որ իրենց կուսակցության ներկայացուցիչները հնարավոր է ղեկավարեն նաեւ այլ ոլորտներ: Սակայն, նկատի պետք է ունենալ, որ այս կառավարությունը գործելու է մինչեւ 2018 թվականը:

«Բոլոր տեղերում կարող են դաշնակցականներն արդյունավետ աշխատել: Բայց, քանի որ բանակցություններ են, ճիշտ չի լինի դրանց մասին խոսել»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը վարչապետի հետ տարաձայնությունները համարում է անհիմն: Բացատրեց՝ խնդիր չկա:

Նշենք նաեւ, որ նոր խորհրդարանն առաջին նիստը կգումարի մայիսի 18- ին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները