Նորընտիր ԱԺ-ի ամենաերիտասարդ պատգամավորն օրենսդիրում իր գործունեությունը տեսնում է արտաքին հարաբերությունների ոլորտում

...չունենալով որևէ քաղաքական հարթակ՝ մշտապես բարձրաձայնել է քաղաքացիներին մտահոգող հարցերը:
Sona-Ghazaryan

Նորընտիր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ամենաերիտասարդ՝ 25-ամյա պատգամավոր Սոնա Ղազարյանն արդեն որոշակի պատկերացում ունի, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններ է հեղինակելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց, որ իր փորձն ու գիտելիքները ցանկանում է կիրառել արտաքին հարաբերությունների ոլորտում:

Ղազարյանը նշեց, որ չունենալով որևէ քաղաքական հարթակ՝ մշտապես բարձրաձայնել է քաղաքացիներին մտահոգող հարցերը:  «Օրենսդիրում ինձ տեսնում եմ արտաքին հարաբերությունների բլոկում: Ուսումս ստացել եմ «College of Europe»-ում, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրել եմ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները տարբեր ֆորմատներով: Մեկ տարի պրակտիկա եմ անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում»,-ասաց Ղազարյանը:

Թե ինչու է հենց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցել ընտրություններին հարցին ի պատասխան նա ասաց, որ  հեղափոխության օրերին միասնական թիմով են մասնակցել ողջ գործընթացին և սա այն թիմն է, որի հետ նա կապում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման գործընթացը: «Մենք Հայաստանի զարգացման համար ունենք միանման տեսլականներ։ Եվ սա այն թիմն է, որին ես վստահում եմ»,-նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ իրենց կուսակցության ցուցակով ներկայացված կանայք արհեստականորեն  ներառված չեն եղել: Նրա խոսքով՝  ցուցակում եղել են այն մարդիկ, ովքեր մշտապես հետաքրքրված են եղել և բարձրաձայնել են Հայաստանի խնդիրների մասին: «Քաղաքականությունը նաև կանանց համար է: Ինձ թվում է, որ Ազգային ժողովը նոր ձեռագիր է ստանալու»,-նշեց Ղազարյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները