«Ելք»-ը 6-րդ անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց

Սամվել Նիկոյան. Մենք պետք է փոխենք կանոնակարգը
aj

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը «Ելք» խմբակցության պատգամավորներին կոչ արեց չխաթարել խորհրդարանի բնականոն աշխատանքը՝ յուրաքանչյուր քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելով: Ազգային ժողովի նիստի ընթացքում պատգամավորը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց: «Մեր գործընկեր Աղվան Վարդանյանը մեկ անգամ դիմեց, բայց «Ելք»-ի մեր գործընկերները, կարծես, դա չընկալեցին: Ասեմ, որ նման իրավիճակն առաջին անգամ չէ մեր խորհրդարանում, և դա կանոնակարգային լուծում է ունեցել: Մեր գործընկերները նաև օգտվում են Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի՝  նիստը բարեկիրթ վարելու հանգամանքից: Ըստ էության բնականոն աշխատանքները խաթարելու միտում կա: Եթե ամեն դեպքում գնում են կանոնակարգի այս հնարավորությունը ի չարս օգտագործելու ճանապարհով, ապա կարծում եմ՝ մենք պետք է փոխենք կանոնակարգը, որը կարվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոյանը:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը. «Պարոն Նիկոյան, հարգելի գործընկերներ, քանի որ վերջին ժամանակաշրջանում ձեզ հնարավորություն չի ընձեռվել, որ այսքան ընդմիջում անեք խորհրդարանում, իսկ մենք երկու ժամ դեռ այստեղ ենք լինելու, առաջարկում ենք, որ մեզ պատիվ տաք»,- կատակեց Սասուն Միքայելյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հերթական՝ 6-րդ անգամ, 20 րոպե ընդմիջում վերցրեց:

*

*