ԱԺ բացառիկ ցուցանիշը՝ արտահերթ կարգով ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք

Ինչպե՞ս է աշխատել Հայաստանի խորհրդարանը նախորդ՝ 8-րդ նստաշրջանի ընթացքում: Պատկերն ամփոփել է...

Ինչպե՞ս է աշխատել Հայաստանի խորհրդարանը նախորդ՝ 8-րդ նստաշրջանի ընթացքում: Պատկերն ամփոփել է «Ազգային ժողովի մոնիտորինգ ծրագիրը»՝ դիտարկելով օրենսդիրի գործունեության տարբեր ոլորտները. օրինաստեղծ, վերահսկողական, պատգամավորների ու խմբակցությունների ակտիվություն, բացակայություններ:

Դիտարկման արդյունքները ծրագրի մասնակիցներն այսօր ներկայացրել են պատգամավորներին եւ լրագրողներին:

«Պառալամենտական կյանքը շատ ավելի հանգիստ է, շատ ավելի ազատ է, քան կառավարականը»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանն առաջին անգամ «Ազգային ժողովի մոնիտորինգի» զեկույցի քննարկմանը ներկա էր որպես կառավարության ներկայացուցիչ: Parliamentmonitoring ծրագրի ամփոփման համաձայն՝ Մինասյանը 5-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր 8 նստաշրջանների ամենաակտիվ պատգամավորն է, իսկ միայն վերջին՝ 8-րդ նստաշրջանի ամենակատիվ պատգամավորն ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն է:

Հովհաննես Մարգարյանը նախորդ նստաշրջանում ամենաշատն է ելույթ ունեցել ու հարց տվել, բայց շատ խոսող պատգամավորների մասին Թեւան Պողոսյանի ակնարկից վրդովվեց:

«Ես չեմ ընդունում, որ ֆրակցիայի բոլոր անդամները խոսում են, դրանից հետո էլ խմբակցության ղեկավարն է խոսում, որ ի՞նչ»,- ասաց ԱԺ Ժառանգության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Բա պիտի խոսենք, բա ինչի՞ համար ենք Ազգային ժողովում, 25 հոգու տեղ էլ պիտի խոսենք: Բա եկել ենք էդտեղ, որ խոսենք»,- պատասխանեց Հովհաննես Մարգարյանը:

Ամենաչխոսկան պատգամավորների թիվը չի նվազում՝ շուրջ 70: Նրանք հիմնականում հանրապետական են եւ ԲՀԿ-ական: Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի դիտարկմամբ՝ նախորդ նստաշրջանների վտանգավոր միտումները պահպանվում են եւ խորանում: Նստաշրջանի ընթացքում ընդունված 116 օրենքներից միայն 8-ն են հեղինակել պատգամավորները: 107-ը գրել է Կառավարությունը ու նախընտրել է, որ իր հեղինակած նախագծերը պատգամավորները քննարկեն հատուկ կարգով՝ արտահերթ նիստ ու նստաշրջանի ընթացքում:

«Այս անգամ բացառիկ ցուցանիշ է գրանցվել: Արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք, քան հերթական քառօրյաների ընթացքում»,- ասաց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

«Սա թաքուն օրենքների ընդունման մեխանիզմ է, արտահերթ, շփթփ, 10 րոպեում»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նախանցյալ նստաշրջանի համեմատ՝ անցածում ընդդիմությունը խիստ պասիվ է եղել: Միասնական նախաձեռնություններով հանդես չի եկել, իսկ հազվագյուտ նախագծերը մերժվել են հենց հանձնաժողովներում՝ չընդգրկվելով նիստերի օրակարգ: Հանրապետական Սամվել Նիկոյանը ընդդիմադիրների այս պահվածքի մեջ դիտավորություն է նկատել:

«Ընդդիմությունը կարծես սպասում է, որ հատուկ մի այնպիսի խնդրի շուրջ նախագիծ գրի, որը, շատ լավ գիտի, որ չի ընդունվելու: Այսպես է անում, որ հայտարարի, թե իշխանությունը վատն է»,- նշեց Սամվել Նիկոյանը:

8-րդ նստաշրջանում խորհրդարանական իշխանությունը բոլոր օրենսդրական նախաձեռնություններին կողմ է քվեարկել: 6580 քվեարկությունից ընդամենը 2-ն է դեմ եղել: Սա էլ, ընդդիմադիր Արամ Մանուկյանի կարծիքով, երեւի սխալմամբ: Նա հիշեց կոմունիստ պատգամավոր հանգուցյալ Լեոնիդ Հակոբյանի փորձը՝ նախորդ գումարումներից:

«Մելիք-Ադամյանի դահլիճում էր, մարդը չոփը դրել էր «դեմ» կոճակի վրա ու չէր հանում: Ասում էր՝ ես ձեր բոլոր նախաձեռնություններին դեմ եմ: Դուք էլ մի 80 չոփ դրեք «կողմ» կոճակի վրա»,- ասաց Արամ Մանուկյանը:

«Դուք պրիմիտիվացնում եք պառլամենտարիզմը: Գիտե՞ք՝ ինչ է կատարվում, երբ մեծամասնությունը պառակտվում է, միակարծություն չի լինում կառավարության եւ օրենսդիրի միջեւ»,- պատասխանեց Նիկոյանը:

Parliamentmonitoring ծրագիրը դիտարկել է նաեւ էթիկայի հանձնաժողովի գործունեությունը ու արձանագրել՝ 8-րդ նստաշրջանում հանձնաժողովը ստացել է ընդամենը 1 դիմում, թեպետ էթիկային խնդիրների պակաս Ազգային ժողովում չի զգացվում:

*

*