«Ազգային ժողովի մոնիտորինգը» ներկայացրել է անցած 5 տարիների «ամենաներին»

Նախընտրական քարոզարշավից կտրվել ու parliamentmonitoring-ի զեկույց քննարկմանը մասնակցելու ժամանակ էր գտնելԱԺ-ի ընդամենը 3 պատգամավոր:

Ազգային ժողովի նիստն այսօր նույնպես չի կայացել: Դահլիճում նորից քվորում չի եղել. գրանցվել է ընդամենը 15 պատգամավոր՝ անհրաժեշտ 66-ի փոխարեն: Ակնհայտ է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավին մասնակցող պատգամավորներին 5-րդ գումարման աշխատանքներն այլեւս չեն հետաքրքրում: Այսուամենայնիվ, ինչպես են աշխատել պատգամավորներն ու խմբակցությունները անցած 5 տարիներին, օրենսդրական գործունեության ինչ հետագիծ է թողում 5-րդ գումարման Ազգային ժողովը. խորհրդարանի վերջին հնգամյակը ամփոփել է «Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագիրը:

Նախընտրական քարոզարշավից կտրվել ու parliamentmonitoring-ի զեկույց քննարկմանը մասնակցելու ժամանակ էր գտնել Ազգային ժողովի ընդամենը 3 պատգամավոր: Նրանցից ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը գլխավորում է Ազգային ժողովի 5-րդ գումարման ամենաակտիվ պատգամավորների 10-յակը:
«Ես իմ մոնիտորինգն եմ արել: Ազգային ժողովում 74 պատգամավոր ընդհանրապես չի խոսել»,- ասում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Միքայել Մելքումյան:

-Դա ձե՞ր մոնիտորինգն ա, դա parliamentmonitoring-ինն ա։

-Հա՞, ձե՞րն ա:

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն ամենաակտիվ պատգամավորների տասնյակը եզրափակում է: Կարդացել է «Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագրի ամփոփիչ զեկույցն ու տխուր եզրակացության եկել.

«Ահա թե ինչպիսի պառլամենտ չի կարելի ունենալ: Մենք պառլամենտ չենք ունեցել, 8%-անոց պառլամենտ է»,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագիրը ամփոփել է 5-րդ գումարման օրենսդրական գործունեությունը ու արձանագրել՝ 5 տարվա ընթացքում Ազգային ժողովը ընդունել է 1078 օրենք: Հիմնական օրենք գրողը եղել է դարձյալ կառավարությունը.

«Յուրաքանչյուր 10 օրենքից 9-ը գրել է կառավարությունը: Այս առումով նախորդ գումարման միտումը պահպանվել է»,- նշել է Ազգային ժողովի մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։

Ազգային ժողովի օրենսդրական գործունեությունից բացի՝ «Մոնիտորինգ»-ը դիտարկել է նաեւ խորհրդարանական խմբակցությունների 2012-ին ներկայացված նախընտրական ծրագրերը՝ պարզելու, թե որքանով է քաղաքական ուժը հավատարիմ մնացել իր նախընտրական խոստումներին:

Արձանագրել է որոշ հակասություններ: Ծրագիրը դուրս է բերել նաեւ Ազգային ժողովի 5 տարիների «ամենաներին». ամենաշատ բացակայած խմբակցությունը ԲՀԿ-ն է, ամենաշատը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ-ի ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը Ռազմիկ Զոհրաբյանը, Դաշնակցությունից ամենաշատը ելույթ է ունեցել Արմեն Ռուստամյանը:

*

*