ԱԺ-ի առաջին նիստի օրը կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները

Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է ձեւավորվի նոր կառավարությունը:
karavarutyun

 

Հայաստանի նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու հստակ ժամկետները պարզ կդառնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդարանի ձեւավորման մասին վերջնական որոշումից հետո: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հրավիրվում է ձեւավորումից հետո երրորդ հինգշաբթի օրը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի ապրիլի 9-ին, հետեւաբար ակնկալվում է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կլինի ապրիլի 27-ին: Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունը պետք է վայր դնի իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում հանրապետության Նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում այն անձին, ով վայելում է պատգամավորների մեծամասնության աջակցությունը: Այս հարաբերությունները դեռեւս կարգավորվում են 2005թ.-ի Սահմանադրությամբ:

Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է ձեւավորվի նոր կառավարությունը: Վարչապետի առաջարկությամբ Նախագահը նշանակելու է նախարարներին: Նոր ձեւավորված կառավարությունն էլ 20 օրվա ընթացքում պետք է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի իր ծրագիրը:

Հավելենք, որ սրանք առավելագույն ժամկետներն են:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*