ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման նախագծին

Հանձնաժողովը հունվարի 11-ին հրավիրած նիստում քննարկել է․․․
aj-handznajoghov

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին հրավիրած նիստում քննարկել է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» հայտարարության նախագիծը: Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նույն օրը գումարված նիստում, այստեղ եւս որպես հիմնական զեկուցող հանդես եկավ  ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ ընդգծելով, որ շրջանառության մեջ դրված նախագծում կոնկրետ գործողություններ կատարելու առաջարկություններ են արված:

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ սա շատ կարեւոր նախաձեռնություն է, եւ այս հարցը դեռեւս նախորդ գումարման խորհրդարանում էր բարձրացվել: Նա ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչու հարցը տեղափոխվեց մի քառօրյա նիստից մյուսը եւ այդպես էլ չընդունվեց:

«Եթե քաղաքական մեծամասնության խմբակցությունում կգաք կոնսենսուսի՝ ամրագրելու այն, ինչ միջազգային բազմաթիվ կառույցներ ճանաչել են որպես ցեղասպանություն, «Ծառուկյան» խմբակցությունը դա կպաշտպանի»,- նշեց նա։

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ  հատկանշական համարեց այն, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը բարոյական եւ քաղաքական պարտավորվածություն ունի հանդես գալու ցեղասպանությունների դատապարտման դիրքերից։

Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, այդպես էլ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հայտարարության նախագծին, որը կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում:

*

*