Քաղաքացին իր պարտականությունները չկատարելու դեպքում չի զրկվի միակ կացարանից

Համապատասխան օրենքի նախագծին՝ կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:
aj datark

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ եւ միաձայն ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի նախագիծը եւ հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է անձին իր պարտականությունները չկատարելու համար չզրկել իր միակ կացարանից եւ դարձնել անօթեւան՝ անկախ նրանից, թե ինչ պարտավորություն է նա խախտել:

Համապատասխան օրենքի նախագծին՝ կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել այն, որ մարդը, ինչ պարտավորություն էլ խախտել է, չմնա փողոցում, պարտականությունները չկատարելու համար պատասխան չտա իր բնակվելու իրավունքի հաշվին: Այս կանոնից բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ միակ բնակարանն անձն, ի ապահովումն իր պարտավորությունների, գրավադրել է: Այսինքն, անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը:

Նախագիծը չի տարածվում նաեւ այն դեպքերի վրա, երբ անձն ալիմենտ վճարելու պարտավորություն ունի կամ պետք է հատուցի առողջությանը, կյանքին, հանցավորության պատճառով հասցրած վնասը:

ԴԱՀԿ-ի մասին օրենքում նախատեսված է որոշակի գույքի ցանկ, որոնց նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել: Դրանք են հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները, պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այդ ցանկին ավելացնել, որ միակ բնակարանը եւ դրան կից հողամասը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանիհամար նախատեսված նվազագույն գումարից, եւս չպետք է բռնագանձման ենթակա դառնա՝ բացառությամբ վերը նշված սահմանափակումների:

*

*