Արմեն Ռուստամյանը հորդորում է՝ իշխանություն ընտրելիս ԽԾԲ հարաբերություններով չառաջնորդվել

Գումարման վերջին ճեպազրույցների թեման, բնականաբար, եղել են առաջիկա ընտրությունները, քարոզարշավը, քաղաքական ուժերի ծրագրերը:

Նախընտրական տրամադրությունների պատճառով երեկ, խորհրդարանական քառօրյայի վերջին օրը, Ազգային ժողովի նիստերը չկայացան. դահլիճում քվորում չկար: Այսօրվա ճեպազրույցներին, սակայն, մասնակցել են գրեթե բոլոր խմբակցությունները. ներկա չեն եղել միայն «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն: Գումարման վերջին ճեպազրույցների թեման, բնականաբար, եղել են առաջիկա ընտրությունները, քարոզարշավը, քաղաքական ուժերի ծրագրերը:

Ընտրությունների օրը մոտենում է, մթնոլորտը՝ թեժանում: Հայաստանում 1600-ից ավելի պատգամավորության թեկնածու կա. Արմեն Ռուստամյանն ասում է՝ դատարկ տեղ չի մնացել.

«Այս ընտրակարգը, պարզ խոսքով, դատարկ տեղ չի թողել, գրեթե անտեր ձայն չկա»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը հորդորում է՝ երկրի իշխանություն ընտրելիս խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերություններով չառաջնորդվել: Ճիշտ ընտրությունը, ասում է՝ լավ բժիշկ գտնելու նման է.
«Եթե ինչ-որ մեկի հիվանդության հետ կապված հարց է առաջանում, չի տանում ամենալավ բարեկամի մոտ, այլ փնտրում է ամենալավ բժկին: Այստեղ էլ նույնն է»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Գերխնդիրը մաքուր ընտրություններ անցկացնելն է»,-ասում է ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանը:Կեղծիքներ լինեն՝ կբողոքարկեն: Առայժմ ՕԵԿ-ը բողոքում է իրենց պոպուլիզմի մեջ մեղադրողներից.

«Ի՞նչն է պոպուլիզմ: Որ ասում ենք՝ գազի սպասարկման ոլորտում մենաշնորհ կա, եւ պետք է պայքարել մենաշնորհների դեմ, պոպուլի՞զմ է»,- հարցնում է ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղարը:

Ընտրություններից հետո «Հայկական վերածնունդը» «Հանրապետականի» հետ կոալիցիա կկազմի, եթե քաղաքական որոշումներ կայացնելիս ազդեցիկ դերակատարում ունենա: Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը հիշեցնում է՝ կոալիցիայի մեջ նրանք արդեն եղել են.

«Հիմա ինչ ասվում է, ասվում է հանրության վերաբերմունքին արժանանալու համար: Ինչ ասում են, թող ասեին այն ժամանակ, երբ կոալիցիայի մեջ էին: Ամեն ինչ ասում են խորհրդարան մտնելու համար»,- ասում էՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը:

«ՀՀԿ-ն պոպուլիզմից հեռու է մնացել»,-ասում է Վահրամ Բաղդասարյանը. նախընտրական տարում ներկայացրել են ընդամենը կայունացման բյուջե՝ առանց ավելորդ խոստումների:

Իր կարգախոսով ՀՀԿ-ն խոստանում է անվտանգություն ու առաջընթաց: ՀԱԿ-ը՝ խաղաղություն՝ հաշտության ու բարիդրացիության միջոցով: «Նրանց խաղաղությունը բխում է մեր անվտանգությունից»,- բացատրում է Վահրամ Բաղդասարյանը:

«Որ մեր անվտանգությունը չլինի, չի լինի ոչ խաղաղությունը, ոչ կայունությունը, ոչ զարգացումը: Ամեն բան բխում է մեր անվտանգությունից»,- նշում է Բաղդասարյանը:

«ՀԱԿ-ը խոսում է թշնամու հետ հաշտության ու բարիդրացիության մասին՝ իրատեսությունից ելնելով»,- ասում է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Բազմաթիվ իրողություններ են հաշվի առել։

Միանգամայն իրատեսորեն՝ ՀԱԿ ներկայացուցիչը գնահատում է 5-րդ գումարման նախավերջին քառօրյան.

«Տխուր, ամենատխուր քառօրյան էր այս շենքում: Իսկական ռեկորդ էր»,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

3 օրվա ընթացքում Ազգային ժողովում 60 քվեարկություն է անցկացվել, քննարկվել է 40-ից ավելի օրինագիծ: Հինգշաբթի ավարտված քառօրյան այս գումարման թերեւս վերջին քառօրյան էր. հաջորդը ժամանակացույցով լինելու է մարտի 20-ին, ու քարոզարշավով տարված կուսակցությունները դրա ժամանակը չեն ունենալու:

 

Հեղինակ՝

Մարիամ Բարսեղյան

*

*