Քաղաքական ուժերը մեկ եզրահանգման են եկել՝«մեր հույսը պետք է դնենք մեզ վրա»

Քառօրյա պատերազմը եղել է այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեման:
aj-chepazruyc-lxh-sahman-iravichak

Միջազգային հանրության արձագանք, խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորության եւ պատերազմի վերսկսման հավանականություն՝ քառօրյա պատերազմը եղել է այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեման:

Վերլուծելով անցած օրերի իրադարձությունները՝ քաղաքական ուժերը մեկ եզրահանգման են եկել՝«մեր հույսը պետք է դնենք մեզ վրա»:

Ինչպե՞ս կարողացավ 80-ականների զենքով զինված հայկական զինուժը հաղթել իր սպառազինությունն անընդհատ թարմացնող Ադրբեջանին. այն մասին, թե մենք կռվում ենք 80-ականների զինատեսակով ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ Գերմանիայում:

«Հաղթել ենք ոչ թե զենքով, այլ ոգով»,- բացատրեց հանրապետական Վահրամ Բաղդասարյանը:

«Եթե մենք կարողանում ենք հաղթել 80-ականների զենքով, ուրեմն, մեր ոգին անսասան է: Որեւէ զենք, զինանոց ոգու հետ չի կարող պատերազմել»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Թշնամուն պարտադրված խաղաղությունն ապացուցում է, որ մարտունակությամբ նրան չենք զիջում»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Կռվել ենք 80-ականների զենքով, բայց զինանոցում ավելին ունենք:

«Եթե պատերազմը շարունակվեր, կանցնեինք այլ զինատեսակների օգտագործմանը, որոնք միանշանակ, 88-ին, 90-ականներին չենք ունեցել, ու տարբերվում են այն տարիներին մեր ունեցածից»- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ նախ ճշտել է պետք՝ 80-ականների զենքը ո՞րն է:

«CC-300-ը, թե՞ այլ տակտիկական զինատեսակներ: Կա, օրինակ, Իսկանդերը. սա 80-ականների զենք չէ»,- ասաց Մհեր Շահգելդյանը:

«Հրադադարը վերջնական չէ, խորը վերլուծությունների ու քննադատելու ժամանակը չէ», -ասաց ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, բայց մեկ հարց, այնուամենային, հնչեցրեց՝ «ինչո՞վ էր զբաղված մեր պետությունը 20 տարի շարունակ: Ինչո՞ւ չկարողացան մեր ռազմական սահմանը ամրացնել ինչպես հարկն է»:

Թշնամու բլից-կրիգը չստացվեց, հայկական կողմը համարժեք հակահարված տվեց, բայց լայնամասշտաբ պատեազմի հավանականությունը միշտ կա. Ադրբեջանն, Արմեն Ռուստամյանի խոսքով՝ անկանխատեսելի է, պատրաստ արկածախնդրության ու անտեսում է միջազգային նորմերը:

«Ադրբեջանի գործողությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում միջազգային նորմերի, չափանիշների մեջ: Ադրբեջանը հրաժարվում է միջազգայնորեն ընդունված համակեցության նորմերից, իսկ նման երկրից ամեն բան սպասելի է»,- ասաց Ռուստամյանը:

Քառօրյա պատերազմին բանակցային նոր շրջան է հաջորդում, ու հայկական կողմը դրան պետք է մասնակցի իր ձեւավորած թղթածրարով: Պետք է ամրագրվի, որ հարձակումը նախաձեռնել է Ադրբեջանը, պետք է հավաքագրվեն փաստեր, որոնք կհաստատեն, որ Ադրբեջանն ագրեսոր է եւ ահաբեկիչ:

*

*