«Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն

...սահմանվել են հատուկ գործառույթներ:
aj-shant2 (1)

«Շանթ 2018 զորավարժություն». սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, ստանալով համապատասխան ազդանշանը, աշխատակազմում իրականացրել է պլանով նախատեսված միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում աշխատակազմի ղեկավար կազմն իրազեկվել է զորավարժության շրջանակներում համապատասխան պլանով նախատեսված իրականացման ենթակա գործողությունների մասին: Ձեւավորվել են անհրաժեշտ աշխատանքային խմբերը, նշանակվել են դրանց ղեկավարներն ու սահմանվել են հատուկ գործառույթները: Անցնելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի՝ աշխատակազմի ղեկավարի կողմից առանձին ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ:

Մասնավորապես՝

  • Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է միջազգային գործընկեր խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին տրամադրելու նպատակով արդիականացնել ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվական փաթեթը, որը կբովանդակի հայկական կողմերի հստակ դիրքորոշումը եւ հիմնավորումը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացությունը որպես պետական քաղաքականություն ներկայացնող փաստերը:
  • Կապ հաստատել Հետազոտական եւ տեղեկատվական միջխորհրդարանական կենտրոնի (Inter-Parliamentary Research and Information Network) հետ: Գործընկերներին տեղեկացնել զարգացող գործընթացների հետ կապված տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության մասին:
  • Ապահովել օպերատիվ քառալեզու տեղեկանքների պատրաստում՝ իրավիճակի վերաբերյալ գործընկեր խորհրդարանների համապատասխան ստորաբաժանումներին տրամադրելու նպատակով:
  • Շուրջօրյա ռեժիմով իրականացնել արտաքին տեղեկատվական հարթակների մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել մեկ ժամյա պարբերականությամբ:
  • Գործընկեր կազմակերպությունների մասնագետների ներգրավմամբ իրականացնել ադրբեջանալեզու կայքերի եւ սոցիալական ցանցերի մշտադիտարկում, արդյունքների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել երկու ժամյա պարբերականությամբ, իսկ հրատապ գնահատվող տեղեկատվության պարագայում՝ անհապաղ:

*

*