Աղվան Վարդանյան. Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի — Երկիր Մեդիա

Աղվան Վարդանյան. Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի

Կառավարության քայլերը պետք է տեսանելի լինեն, շեշտել է նա։
aghvan-vardanyan

Ազգային ժողովի  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ելույթ է ունեցել խորհրդարանում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։

«Ներկայացվող ծրագիրը, անկախ տարբեր կարծիքներից, հարկ եղածից ավելի մանրակրկիտ է՝ ոլորտ առ ոլորտ հստակ, չափելի, կոնկրետ պատասխանատվություն ենթադրող ժամանակացույց-անելիքներով: Քաղաքացին, քաղաքական ուժերը, ցանկության դեպքում, կարող են հետևել ժամանակացույցին և արածի ու չարածի հաշվետվություն պահանջել: Ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են, որոնք, մեր բառապաշարով, պետք է լինեն արմատական ու որակական»,-նշել է Աղվան Վարդանյանը:

Կառավարության քայլերը պետք է տեսանելի լինեն, շեշտել է նա։ «Երկրի իրավիճակից մեկնելով՝ արմատական բարեփոխումները հանրության որոշ շերտերի համար կարող են նաև ցավոտ լինել: Այս առումով չափազանց կարևոր է, որ ծրագրի նշանային՝ «բարձրացնել և ամրապնդել արդարության ու վստահության մթնոլորտը մեր հասարակությունում» արտահայտությունը կյանքի կոչելու  տեսանելի քայլեր կատարվեն:

Կոնկրետ մարդը պետք է տեսնի իր հանդեպ պետական մարմինների, պաշտոնյաների վերաբերմունքի էական տարբերություն: Հանրային ծառայողի նոր վարքականոն է պետք պարտադրել, նոր մոտեցումներից բխող կադրային քաղաքականությամբ: Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի»,-կարծում է ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը:

«Սա մեր կառավարությունն է, մեր ծրագիրն է, և մենք հետևողականորեն գնալու ենք երկիրը արմատական, որակական փոփոխությունների տանող ճանապարհով: Իմ համոզմամբ, նոր սկիզբը դրված է: Մնում է աշխատանքով  քայլ առ քայլ Հայաստանը դարձնել արդար, անվտանգ, զարգացող պետություն: Զուտ հայկական պետություն»,-եզրափակել է Աղվան Վարդանյանը։

*

*