Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի ղեկավարած պատվիրակությանը

«ԱՄՆ դեսպանությունը Արտակարգ իրավիճակների նախարարությանը մշտապես համարել է հուսալի գործընկեր»:
mils-tonoyan

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 12-ին ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի ծրագրի ղեկավար Էլիս Մերվինին, Պաշտպանության կցորդ Բրյուս-Մըրֆիին և Պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար Ջոն Ֆրիելին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ողջունելով ՀՀ ԱԻ նախարարին՝ դեսպան Միլսը նշեց. «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը 25 տարի շարունակ գործընկերներ են եղել, և ԱՄՆ դեսպանությունը Արտակարգ իրավիճակների նախարարությանը մշտապես համարել է հուսալի գործընկեր: Մենք սպասում ենք մեր հետագա համագործակցությանը նախարարության հետ, որը հետևողականորեն աշխատում է արտակարգ իրավիճակների պատրաստականության ու արդյունավետ արձագանքման կարողությունների մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ»։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ակտիվացման և ընդլայնման հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին ակտիվացնել փրկարարների վերապատրաստման, փորձի փոխանակման, տեսական և գործնական դասընթացների անցկացման գործընթացները՝ ելնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արդիականացման նոր կարիքներից:

Խնդիր դրվեց համատեղ աշխատել Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) տվյալների բազայի համալրման և քարտեզագրման ուղղությամբ՝ ներդնելով այս ոլորտում առաջատարը հանդիսացող երկրների փորձը:

Իր խոսքում ԱԻ նախարարը շեշտեց տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ի աջակցությամբ այն կարող է դառնալ առավել սերտ և արդյունավետ:

*

*