«Բաքուն պետք է կողմնորոշվի՝ ցանկանո՞ւմ է համանախագահության ձևաչափում շարունակել բանակցությունները»

Համբուրգում նախանշված ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումից առաջ, Ադրբեջանը սրում է իրավիճակը հակամարտության գոտում:
nalbandyan-jentlioni

«Իտալիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»: Այս մասին Երեւանում հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին: 2018 թվականին Իտալիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը:

«Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից մինչ այսօր Բաքուն հրաժարվում է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-նշել է Հայաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն: «Նրանք, ովքեր կասկածներ ունեին, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի կտրուկ սրման, դրա վերաբերյալ հստակ ապացույցներ ստացան ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական լայնածավալ գործողությունների արդյունքում»,- ավելացրել է Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի, որն ամիսներ առաջ ընդհանրապես չէր ցանկանում հանդիպել եռանախագահներին՝ նրանց անօգուտ զբոսաշրջիկներ անվանելով, Հայաստանը երբեք չի հրաժարվել նման հանդիպումներից: Հիմա էլ պատրաստ է դրանց: Սակայն Համբուրգում նախանշված ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումից առաջ, Ադրբեջանը սրում է իրավիճակը հակամարտության գոտում ու հիմա էլ հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների անցկացման մասին, որոնցում ներգրավված է լինելու ադրբեջանական բանակի գրեթե ամբողջ ներուժը՝ 60 հազար զորք, տանկեր, հրթիռներ, ավիացիա եւ այլն: «Սա Վիեննայի փաստաթղթի ակնհայտ խախտում է, քանի որ, ըստ կարգի, պետք է 42 օր առաջ տեղյակ պահեին, եթե զորավարժություններին մասնակցող զորքերի թվաքանակը հասնում է ինը հազարի»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:

«Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք իսկապես ցանկանում է, որ համանախագահության ձևաչափում շարունակի բանակցությունները: Որովհետև մի կողմից ասում է, որ պատրաստ է մասնակցելու հանդիպումներին, բայց մյուս կողմից դուրս է գալիս եռանախագահների առաջարկների դեմ, որոնք հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմք»,- ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:

*

*