ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին

...հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ
agn-minski-xumb3

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 14-ին  ընդունել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ։

*

*