Աղվան Վարդանյան․ «Մենք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ ամբոխավարություն երբեք չենք արել»

ՀՅԴ-ն փորձեց քարոզչություն իրականացնել առավելագույնս` հանրապետության ամբողջ տարածքը ներառելով:
aghvan-vardanyan

yerkir.am— Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը: Նա նախ անդրադարձավ ՀՅԴ կարգախոսին ու պաստառներին` ասելով, որ դրանք որակապես ու ճաշակով տարբերվում էին մյուսներից:

«Ինչու եմ սա շեշտում, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, և եթե դու քաղաքական ուժ ես, ժողովրդի մասն ես, պիտի ճաշակով բան տաս մարդկանց: Ես շնորհակալ եմ մեր լավագույն դիզայներներից մեկին` Սամվել Փարթամյանին, ով տարիներ շարունակ մեր բոլոր նախընտրական քարոզարշավների պաստառներն է կազմել: Սա մշակույթ է և մարդկանց հարգելու նշան»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ քարոզչական պաստառների վրա անձ չկա, մարդու դեմք չկա, ինչը ևս առանձնացնում է ՀՅԴ-ին այլ քաղաքական ուժերից:

Վարդանյանի խոսքով` ՀՅԴ-ն փորձեց քարոզչություն իրականացնել առավելագույնս` հանրապետության ամբողջ տարածքը ներառելով: Տասնյակ վայրերում բազմամարդ հանրահավաքներ տեղի ունեցան, ՀՅԴ-ն ներկայացավ իր ծանրակշիռ թիմով` Հրանտ Մարգարյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան, Արմենուհի Կյուրեղյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան, Արտավազդ Սահակյան, Արսեն Համբարձումյան, Կիրո Մանոյան:

Խոսելով  ՀՅԴ նախընտրական ծրագրի մասին` Աղվան Վարդանյանը նշեց, որ դրանում ամփոփված են այսօրվա մեր պետականության առանցքային օրակարգային բոլոր հարցերը: Ի դեպ,  դրանց հիմնական մասն այսօր դարձել է պետական քաղաքականության առանցք, ինչը շատ էական է` ըստ նրա:

«Մենք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ ամբոխավարություն երբեք չենք արել, չենք փորձել մարդկանց սիրաշահել` զուտ ձայն տանելու համար, և մեր քաղաքական օրակարգն այսօրվա մեր պետականության օրակարգն է: Բացի մեր  կենտրոնական շտաբից, գործել են 13 տարածքային շտաբներ` ըստ 13 ընտրատարածքների, և յուրաքանչյուր ընտրատարածք ուներ իր քարոզչական ծրագիրը: Իրականացվել են հարյուրավոր հանդիպումներ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է վարկանիշային թեկնածուներին, նա մեծ գոհունակությամբ նշեց, որ ամեն ընտրատարածքում առաջադրված են 4-5` իսկապես կայացած, իրենց ոլորտում հեղինակություն ունեցող, պրոֆեսիոնալ վարկանիշային թեկնածուներ:

«Մեր ռեյտինգային թեկնածուների 28 տոկոսը անկուսակցական է, նրանք ընտրություն են կատարել մինչև քարոզարշավը և Դաշնակցության կողքին են կանգնել: Շատերին դուք ճանաչում եք, նրանք հայտնի մարդիկ են»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով` մյուս քաղաքական ուժերի նախընտրական քարոզչությունը կառուցված էր հիմնականում մեկ անձի շուրջ, իսկ եթե դաշինք էին, ապա` 3, 4 կամ 5 անձի շուրջ: Իսկ Դաշնակցությունն  առանձնացել է նաև նրանով, որ նախընտրական քարոզարշավը կառուցված է եղել ոչ թե մեկ կամ մի քանի անձի, այլ թիմի ու գաղափարների շուրջ:

*

*