Աղվան Վարդանյան. «Այս ՏԻՄ ընտրությունները որակապես շատ ավելի մրցակցային էին»

Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ, նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատությամբ, չկան էական փաստեր լուրջ ընտրակեղծիքների վերաբերյալ:
aghvan-vardanyan

yerkir.am— Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին:

Հարցին, թե Գյումրու ընտրությունների ոչ գոհացնող ցուցանիշներում ՀՅԴ-ն տեսնո՞ւմ է Շիրակի մարզպետի թերացումը, նա պատասխանեց, որ պետք չէ ելնել այն կանխադրույթից, թե մարզպետն այն բանի համար է, որ ձայն ապահովի իր կուսակցության համար:

«Մենք չենք ելնում այդ կանխադրույթից: Եթե մյուս բոլոր պարագաներում մենք բողոքում ենք այլ մարզպետերի գործունեությունից, եկեք նույն բանը չպրոյեկտենք այստեղ: Մենք ելնում ենք այն կանխադրույթից, որ մարզպետը պետք է աշխատի, իր գործառույթները կատարի, ոչ թե կուսակցության համար ձայն բերի: Եվ իր գործառույթները լավ կատարելով` նաև համակրանք շահի դեպի իր ներկայացրած կուսակցությունը: Արդյո՞ք այս կարճ ժամանակում Շիրակի մարզպետը կարողացավ դա անել, կարող եմ ասել, որ` ոչ, բայց եկեք չելնենք մյուս կանխադրույթից»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Արդյո՞ք ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցությունն այս ընթացքում իր արդյունքը տվեց, թե՞ ՀՅԴ խոստումները չիրականացան, և ստացվեց ՏԻՄ ընտրություների այն արդյունքը, որը գրանցեց ՀՅԴ-ն: Այս հարցին պատասխանելով` Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ այն խնդիրները, որոնք ձևակերպված են ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագրում, երկրի համար ամենաանհրաժեշտ և ճիշտ ընտրված ուղղություններն են, որոնք բխում են նոր Սահմանադրությունից: Որ ՀՅԴ-ն այդտեղ ուշացել է և հստակ կոնկրետ արդյունքներ չունի, դա, ըստ Վարդանյանի, ակնհայտ է, բայց որ ՀՅԴ-ն ունի հիմք՝ նոր կառավարության ձևավորմամբ խնդիրները հստակ դնելու առումով, դա էլ է ակնհայտ: «Վստահ եմ, որ այդ առումով դրական սպասելիքներ առաջանալու են, նաև` 2017-ի ընտրությունների համար: Եկեք չշփոթենք ՏԻՄ ընտրությունները և համապետական ընտրությունները: Ես ձեզ վստահեցնում եմ, անուններ չտամ, բայց եկեք վերցնենք Վանաձորն ու Գյումրին. կոնկրետ քաղաքական ուժերի համար ինչ էական դերակատարություն է ունեցել կոնկրետ անձի՝ այդ կուսակցության առաջին համար լինելը: Վանաձորում կար մարդ, ով, ամենայն հավանականությամբ, կարող էր լինել Հանրապետական կուսակցության ցուցակում, բայց գնաց այլ կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցրեց և իր անձնական ձայներով այդ կուսակցության համար ձայներ ապահովեց: Այդ ձայները փոխակերպվելո՞ւ են պառլամենտականի դեպքում, ես վստահ չեմ, համոզված եմ, որ հակառակն է լինելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին, Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ, նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատությամբ, չկան էական փաստեր լուրջ ընտրակեղծիքների վերաբերյալ:

«Ես չգիտեմ մի մարդ, ով գալիս, ասում է՝ ինձ ընտրակաշառք են բաժանել, և ես գնացել եմ, ընտրել, նման փաստ չկա: Ունենք հասարակության վերափոխման խնդիր, որը մեկ օրվա հարց չէ: Վստահ եմ, որ այս ՏԻՄ ընտրությունները որակապես շատ ավելի մրցակցային էին, ճնշումներից ու վարչական ռեսուրսից ավելի զերծ էին, բայց քանի որ տեղական ընտրություններ էին, կարևոր դերակատարություն են ունեցել բազմաթիվ այլ գործոններ»,- ասաց պատգամավորը:

Լրագրողները հարցրեցին շրջանառվող խոսակցությունների մասին, թե ՀՅԴ-ն ևս ընտրակաշառք է բաժանել, հատկապես` Կապանում: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ և’ Կապանում, և’ Վանաձորում, և’ Գյումրիում, և’ որևէ տեղ Դաշնակցությունը ընտրակաշառքով ձայներ չի փորձել վերցնել: Այսօրվա տարբեր քաղաքական ուժերի ունեցած ֆինանսական հնարավորությունների պայմաններում փորձել ֆինանսապես մրցակցել, ուղղակի լուրջ չէ, անիմաստ է և ինքնին կնշանակի դատապարտվածություն: Մենք այդ քայլին երբեք չենք գնա»,- ասաց Աղվան Վարդանյանը:

*

*