«Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ»․ Աղվան Վարդանյան

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է․․․
aghvan-vardanyan

Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ: Նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: «Կարծում եմ երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ կողմերը հստակ պայմանավորվածություն ձեռք բերեին և կարողանային դեմ դիմաց նստել և իրար աչքերի նայելով՝ խոսել առկա խնդիրների մասին: Այդ դեպքում հնարավոր կլիներ նաև լուծումներ գտնել: Ակնհայտ է, որ լրագրողների ներկայությամբ, ուղիղ եթերով հնարավոր չէ բանակցություններ վարել»,- նշեց Աղվան Վարդանյանը և հավելեց, որ չնայած այս ամենին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նա հույս հայտնեց, որ վարչապետն ու պատգամավորը երկուստեք պատրաստ կլինեն գտնելու մեխանիզմներ, որպեսզի այնպիսի լուծումներ տան, որից մեր երկիրն ու հասարակությունը շահած դուրս կգա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել են:

*

*